Սոցիոլոգիական հարցումներին մեծ նշանակություն պետք չէ տալ: Այսօր «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Արմեն Մարտիրոսյանը` անդրադառնալով The Gallup Organization-ի սոցիոլոգիական հարցումներին, ըստ որոնց՝ ինտրիգային են «Ժառանգություն» կուսակցության արդյունքները։
Ա. Մարտիրոսյանը նշեց, որ սոցիոլոգիական հարցումներին մեծ նշանակություն չի տալիս՝ անկախ նրանից, թե որ սոցիոլոգիական ընկերությունն է դա իրականացնում: Ըստ նրա` 2007 թվականի խորհրդարանական ընտրություններից առաջ սոցիոլոգիական հարցումների համաձայն՝ «Ժառանգություն» կուսակցության համար ձայն կտար ընտրողների մոտ 1-2 %-ը: «Եթե կեղծիքները չլինեին, մենք կունենայինք 20 %-ից ավել ներկայացվածություն խորհրդարանում, ձայնագողության պարագայում` երկու երրորդը գողացան մեկ երրորդը թողեցին, 6 % անցանք։ Այսինքն` այն թվերը, որոնք բերվում են դրանից 5-6 անգամ ավել ձայն է եղել «Ժառանգության» օգտին՝ պաշտոնականով, իսկ ոչ պաշտոնական՝ 20 անգամ, ուստի այս պատճառով մեկնաբանություն չէի ցանկանա տալ»,- մանրամասնեց պատգամավոր Արմեն Մարտիրոսյանը:








































