«Ժառանգություն» – «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունների միասնական թիմն իր նախընտրական քարոզարշավն այսօր իրականացնում է Վայոց Ձորի մարզում: Արդեն իսկ տեղի են ունեցել հանդիպումներ Եղեգնաձորում, Մալիշկայում և Վայքում: Այժմ «Ժառանգության» և «Ազատ դեմոկրատների» թիմը ուղևորվում է Ջերմուկ, որից հետո նախատեսված են հանդիպումներ Սիսիանում և Շինուհայրում:
Ընտրողների հետ հանդիպումների ժամանակ ելույթ ունեցան «Ժառանգություն» և «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունների առաջնորդներ Րաֆֆի Հովհաննիսյանն ու Խաչատուր Քոքոբելյանը, ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը, ԱԺ նախկին փոխխոսնակ Կարապետ Ռուբինյանը, «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Ռուբեն Հակոբյանը:
Րաֆֆի Հովհաննիսյանն իր ելույթում խոսեց վախի այն մթնոլորտի մասին, որը կա ընտրողների մոտ այս նախընտրական քարոզարշավի ընթացքում: Նա նշեց, որ որևէ կուսակցական դրոշ առավել չէ, և բոլոր այդ դրոշները ուշ թե շուտ պետք է իջեցվեն, ու պետք է պարզվի միայն մեկ դրոշ՝ ՀՀ եռագույնը: Նա շեշտեց, որ ՀՀ ամենագլխավոր արժեքը հայ մարդն է, և պետք է պայքարել այդ արժեք պահելու համար: Նա ցավ հայտնեց, որ հայաստանյան գյուղերն այսօր դատարկվում է: Րաֆֆի Հովհաննիսյանը նաև շեշտեց, որ եթե մայիսի 6-ի ընտրությունները կեղծվեն, ապա մայիսի 7-ին դրա համար պատասխան են տալու բոլորը:
Ի դեպ՝ Մալիշկայում դպրոցի հարևանությամբ տեղի ունեցած հանդիպման ժամանակ ուսուցիչները պատուհաններից էին հետևում ելույթներին և այդպես էլ չհամարձակվեցին դուրս գալ:






































