Грузия Online-ի փոխանցմամբ՝ Վրաստանը երկարաժամկետ հեռանկար չի տեսնում Ռուսաստանի նորընտիր նախագահ Վլադիմիր Պուտինի նախաձեռնած Եվրասիական միության մեջ: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարել է Վրաստանի խորհրդարանի՝ եվրաինտեգրման հարցերով կոմիտեի ղեկավար Դավիթ Դարչիաշվիլին.
«Ինձ թվում է, թե այդ միության մեջ տնտեսական շահգրգռվածությունը շատ ավելի փոքր է, քան՝ քաղաքականը: Այլ կերպ ասած՝ Առևտրի համաշխարհային կազմակերպությանը (ԱՀԿ) անդամակցել ցանկացող երկրներին, որոնք ազատ առևտուր են հաստատում ԵՄ-ի հետ, ըստ էության, առաջարկվում է մտնել այնպիսի փակ ակումբ, ինչպիսին որ Եվրասիական միությունն է:
Անհասկանալի է մնում նոր միության արժեքների հարցը: Անհասկանալի է, թե միությունն ինչ արժեքների վրա է հիմնված: Այսինքն՝ այդ միությունում լինելու է հիերարխիա, ֆեոդալիզմի տարրեր: Մինչդեռ մենք ցանկանում ենք ազատորեն ինտեգրվել ազատ ժողովուրդների միության մեջ, ինչպիսին որ ԵՄ-ն է»:
Հիշեցնենք, որ մեկ ամիս առաջ Վրաստանի վարչապետ Նիկա Գիլաուրին կանխատեսել էր, որ ԵՄ-ի հետ ազատ առևտրի վերաբերյալ համաձայնագիրը ստորագրվելու է 1.5 տարվա ընթացքում՝ մինչև 2013 թվականի ավարտը:









































