Քարոզարշավին երգելով` մենք չենք քարոզում, այլ մեր աշխատանքն ենք կատարում. այսօր լրագրողների հետ հանդիպմանը ասաց Ազգային երաժշտական մրցանակաբաշխությունում «Տարվա լավագույն երգիչ» անվանակարգում հաղթած երգիչ Էրիկ Կարապետյանը` ներկայացնելով իր տպավորությունները և հետագա անելիքները:
Նա նշեց, որ իր համար մրցանակն անսպասելի էր: Ըստ նրա` այն գնահատանքի մի ձև է, որին ցանկացած արվեստագետ սպասում է: Երգչի խոսքով` նման բաներն են, որոնք ուժ են տալիս կատարողին` ավելի վստահ և բուռն աշխատելու:
«Մրցանակը ստանալու պահին զգացումներս շատ խառն էին: Անսպասելի էր, խառնվել էի իրար, փորձեցի ինձ հավաքել և դուրս գալ բեմ իմ շնորհակալական խոսքն ասելու:
Փորձը ցույց է տալիս, որ մենք դրսում ավելի ենք գնահատվում. շատ երգիչներ դրսում մրցանակեր են ստանում, սակայն այստեղ դրանց չեն արժանանում: Սակայն ամենից թանկ մրցանակն այն է, երբ քո երկրում են սկսում քեզ գնահատել: Այս մրցանակը ինձ համար շատ կարևոր է»,- նշեց Էրիկը:
Երգիչը հավելեց, որ Հայաստանում ավելի շատ գնահատում են դրսից եկածներին, նրանց մասին ավելի է խոսվում, նրանց ավելի շատ են մրցանակներ տալիս, քան իրենց: Չնայած երգիչը նշեց, որ վերջին շրջանում հակառակ միտումն է նկատվում՝ սովորել են գնահատել իրենցը և պահպանել այն:
Նա ցանկություն հայտնեց, որ Հայաստանում էլ, ինչպես Վրաստանում է, առաջին տեղում լինեն իրենց երգիչները:
Անդրադառնալով իր հետագա անելիքներին` Էրիկն ասաց, որ կունենա նոր տեսահոլովակներ, համերգային շրջագայությամբ հանդես կգա Հայաստանի տարբեր մարզերում` կապված ՀՀԿ նախընտրական քարոզարշավի հետ:
«Դա մեզ համար համերգ է, և բոլորի հետ էլ գնում ենք: Բոլորի համար էլ կերգենք: Մենք չենք քարոզում»,- ընդգծեց երգիչը:









































