Այս պատմության գլխավոր դերակատարը Գյումրիի բնակիչ, 37-ամյա Էմմա Ավետյանն է. ըստ իր տված ցուցմունքների` ամեն ինչ սկսել է 1995-ից, երբ ամուսնալուծվել է ու իր նյութական կարիքները հոգալու համար տեղավորվել է հայրենի քաղաքի հացաթխման արտադրամասերից մեկում որպես հացթուխ: Բայց դե օրական ինչքա՞ն հաց թխեր, որ իր ուզած ձևով ծախսեր ու ապրեր:
Տեսել է` այդ աշխատավարձը չի բավականացնում, որոշել է դրսում աշխատանք փնտրել, ամենայն հավանականությամբ` իր նախասիրությունների շրջանակում ու այն երկրում, որտեղ իր նախասիրությունները կկարողանար փողով իրացնել: Դե Ռուսաստան, Ուկրաինա գնալը, երևի, անիմաստ է համարել, քանի որ այնտեղ իր առաջարկած «ապրանքը» սովորաբար «սիրով», բուտերբրոդով, ալկոհոլով են գնում, կամ «ապրանքի» պահանջարկն այնքան քիչ է լինում, որ առաջարկի ավելցուկ է առաջանում… Ու Էմման որոշել է չվել տաք երկրներ: Այդպես հայտնվել է Արաբական Միացյալ Էմիրություններում` Դուբայում: Իր ասելով` տարբեր տեսակի աշխատանքներ է կատարել, ձեռքի հետ էլ` մարմնավաճառությամբ զբաղվել: Գործի ընթացքում ծանոթացել է արաբ Այուբի հետ և վերջինիս առաջարկով բնակվել նրա տանը: Էմման սկսել է Այուբի տանն իր տեղը «պնդացնել»: Թե քանի տարի է «պնդացրել»` չգիտենք, բայց այդ ընթացքում մի նմանատիպ իրավիճակ էլ եղել է Հայաստանում. Էմմայի եղբայրը` Արամ Բոյաջյանը, 2007-ին իր մեքենայի բենզինը առավել հաճախակի է լիցքավորել հատկապես Երևանին հարող Արգավանդ գյուղի բենզալցակայաններից մեկում, որտեղ Վարդիթերը (անունը փոխված է) վառելիք լիցքավորող ավտոմեքենաների ապակիներն է մաքրել: Դե Արամն էլ տեսել է աշխատող-պահող աղջիկ է, սիրահետել է նրան, խոստացել ամուսնանալ նրա հետ ու որոշ ժամանակ հետո, Այուբի պես առաջարկել է աղջկան իր տանն ապրել: Վարդիթերը համաձայնել է ու մինչև ականջների ծայրը սիրահարվել: Այդ վիճակում էլ ժամանակ առ ժամանակ հեռախոսով խոսել է Արամի` Դուբայում ապրող քրոջ` Էմմայի հետ:
Երբ քիչ թե շատ «հարազատական» հարաբերություններ են ստեղծվել, Վարդիթերի հետ մոտ 6 ամսվա համատեղ կյանքից հետո Արամը «փաստացի կնոջը» հայտնել է, թե ուզում է գնա Ռուսաստան` աշխատի, փող բերի, մեքենա գնի և ուղևորափոխադրումներով զբաղվի, որպեսզի կարողանան ապրել: Դե Վարդիթերն էլ ընդվզել է, թե` դու Ռուսաստան գնացիր, հետ չես գա: Արամն էլ առիթից օգտվել ու ասել է` դե որ չես ուզում ես գնամ, դու գնա Էմմայի հետ «խոպան»` մի վեց ամիս արաբների մոտ «պրակտիկա» կանցնես, փող կաշխատես, կգաս, ավտո կառնենք ու լավ, չաղ ու բախտավոր կյանքով կապրենք: Մինչև ականջների ծայրը սիրահարված Վարդիթերն էլ համաձայնել է: Էմման 800 ԱՄՆ դոլարով լուծել է Վարդիթերի Դուբայ մեկնելու մուտքի վիզայի և ուղետոմսի հարցերը, և վերջինս 2008-ի մայիսին մեկնել է երկրից:
Վարդիթերի ցուցմունքով` Դուբայում Էմման դիմավորել է իրեն, տարել արդեն վարձակալած բնակարան, որտեղ վերցրել է իր անձնագիրը և ասել, որ իրեն Դուբայ բերելու համար ինքը ծախսել է 6.000 դիրհամ գումար, որը Էմման իբր իր ոսկեղենը գրավ դնելով է հայթայթել: Ապա «հարսին» ավետել է, որ պետք է աշխատի ու պարտքը վերադարձնի: Քանի որ նախկինում մարմնավաճառությամբ չի զբաղվել, ուստի մոտ 3 ամիս չի կարողացել դուրս գալ «գործի»… Սակայն Էմման այդ ընթացքում Վարդիթերին անընդհատ ստիպել է զբաղվել մարմնավաճառությամբ` ասելով, որ իրեն պահելու հետ կապված պարտքերը գնալով ավելանում են, անհրաժեշտ է փող աշխատել և վերադարձնել պարտքերը… Տեսնելով, որ այլ ելք չունի, Վարդիթերը ստիպված սկսել է զբաղվել մարմնավաճառությամբ և նրան տվել իր աշխատած գումարները… 2009թ. աշնանը, երբ Էմման վերադարձել է Հայաստան, Վարդոն օգտվելով առիթից` փախել է տնից և մինչև Հայաստան վերադառնալը բնակվել Շարժա քաղաքում` աշխատանքի բերումով ծանոթացած լիբանանցու տանը, որից հետո մարմնավաճառությամբ չի զբաղվել…
Էմման իմացել է և պահանջել է վերադառնալ, աշխատել ու վերադարձնել պարտքերը: Հակառակ դեպքում սպառնացել է հանցագործներ կամ ոստիկաններ ուղարկել «հարսի» հետևից, որ իր ձեռքն ընկնելուն պես նրան տանի Սահարա անապատ ու թաղի… Ընկերոջ տանը բնակվելու ընթացքում Էմման շարունակել է պահել Վարդիթերի անձնագիրը և վերադարձրել է միայն այն ժամանակ, երբ վերջինս իրեն ապաստանած լիբանանցու հետ այցելել է Դուբայում Հայաստանի դեսպանություն և պատմել տեղի ունեցածի մասին… «Հարսը» նաև պատմել է, որ 2008թ. վերջին Էմման Դուբայում գտնվող իրենց բնակարան է բերել Հայաստանից իր միջոցներով Դուբայ տեղափոխած Մանուշակ (անունը փոխված է) անունով մի աղջկա, որից նույնպես վերցրել է անձնագիրը և ստիպել զբաղվել մարմնավաճառությամբ… Մեկ անգամ ականատես է եղել, թե ինչպես է Էմման Մանուշակին ծեծում, մեկ անգամ էլ վերջինս է տեսել, թե ինչպես է Էմման իր հետ վիճում` չաշխատելու համար… Դրանից հետո, երբ սկսել է մարմնավաճառությամբ զբաղվել, Էմման գովել է իրեն` ասելով. «Տեսար, ծեծեցի և սկսեցիր նորմալ աշխատել»… Դուբայում կատարվածի մասին ինքն Արամին հեռախոսով չի տեղեկացրել…
Երբ Արամը մի քանի օրով եկել է Դուբայ, իրենից պահանջել է մարմնավաճառությամբ զբաղվել, որպեսզի Էմման փակի պարտքերը, հակառակ դեպքում սպառնացել է իր նկատմամբ բռնություն կիրառել… Վարդիթերը նաև հայտնել է, որ Էմման այնտեղ իր համար ոսկեղեն և հագուստ է գնել, որի գումարը կազմել է շուրջ 10.000 դրհամ, սակայն ինքը 2008-ի սեպտեմբերից մինչև 2009-ի մայիս մարմնավաճառությամբ աշխատել է շուրջ 80-90 հազար դրհամ, սակայն Էմման իրեն ոչինչ չի տվել…
Էմմայի գործում ևս երկու տուժողներ կան` վերը հիշատակված Մանուշակը և Ջավահիրը (անունը փոխված է): Վերջինիս բախտն այնքանով է բերել կամ գուցե չի բերել, որ հենց Դուբայի օդանավակայանում նրան թույլ չեն տվել մտնել երկիր, քանի որ նախկինում Ջավահիրը հասցրել էր մարմնավաճառության համար հայտնվել այդ երկրի իրավապահների տեսադաշտում ու արտաքսվել այնտեղից: Ինչ վերաբերում է Մանուշակին, ապա նա իսկապես տուժել է, քանի որ Էմման այլ աշխատանքի խոստմամբ է նրան տարել Դուբայ, բայց այնտեղ պարզվել է, որ այլ աշխատանքով պետք է զբաղվի: Տուժող Մանուշակն իր ցուցմունքներում նշել է, որ Դուբայի օդանավակայանում Էմման դիմավորել է իրեն, վերցրել իր անձնագիրը և իրեն տարել վարձակալած բնակարան, որտեղ ծանոթացել է Վարդիթեր և Միլենա անուններով աղջիկների հետ… Տանն Էմման ասել է, որ իրեն բերել է մարմնավաճառություն անելու համար, մնացած աղջիկների հետ պետք է դուրս գա «գործի», աշխատի և փակի իր համար ծախսած 10.000 ԱՄՆ դոլար պարտքը: Ինքը զարմացել է և ասել, որ երեխա խնամելու կամ վարսավիրություն անելու համար է եկել և պոռնկությամբ չի զբաղվի: Էմման էլ պատասխանել է` «ուզես-չուզես, ուշ թե շուտ աշխատելու ես, իսկ եթե չաշխատես` չես ուտի»… Շուրջ 5 օր ինքը «գործի» դուրս չի եկել, չնայած մշտապես Էմման իրեն ստիպել է դուրս գալ, նույնիսկ հաց չի տվել` ասելով, որ գիրանալ պետք չէ… Տեսնելով, որ ելք չունի, անճար է նման իրադրությունում ինչ-որ բան անել, ստիպված համաձայնել է գնալ այդ քայլին… Նա էլ ասել է, որ այդպես էլ լինելու էր, բոլորն էլ սկզբում չեն ուզում աշխատել…
Այդ ժամանակվանից մինչև 2009թ. մարտ Մանուշակը զբաղվել է մարմնավաճառությամբ և իր աշխատած ամբողջ գումարը տվել է Էմմային… Բայց մեկ անգամ, Մանուշակի պատմելով, երբ գումար է թաքցրել հագուստի մեջ, Էմման կասկածելով ստուգել է իրեն, գտել է գումարը և ապտակել ու վիրավորել է խաբելու համար… Տեսնելով, որ այդ վիճակում իր գտնվելը վերջ չունի, Էմման շարունակելու է իրեն անդադար շահագործել, 2009թ. մարտին, «գործի» գնալու պատրվակով դուրս է եկել տնից, անջատել է հեռախոսը, որ Էմման իրեն չգտնի, ապա գնացել է ոստիկանություն և հայտնել, որ ցանկանում է վերադառնալ Հայաստան, սակայն գումար չունի… Շուրջ 20 օր ոստիկանությունում մնալուց հետո նրան հետ են ուղարկել Հայաստան… Էմմային օրական 300-400 ԱՄՆ դոլար գումար է տվել, որը նրան ասել էր, որ մինչև 10.000 ԱՄՆ դոլար չվաստակի, թույլ չի տա գնալ Հայաստան…
Քույր ու եղբայր Էմման ու Արամն, իհարկե, իրենց մեղավոր չեն ճանաչել (չնայած վերջինս անկեղծորեն զղջացել է), սակայն Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը, նախագահությամբ Մնացական Մարտիրոսյանի, Էմմա Ավետյանին թրաֆիքինգի համար դատապարտել է 8 տարվա ազատազրկման (քր.օր.-ի 132-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով) ` առանց գույքի բռնագրավման, իսկ Արամ Սեյրանի Բոյաջյանին` 3 տարվա ազատազրկման` շահադիտական նպատակով այլ անձի պոռնկության մեջ ներգրավելու համար (քր.օր.-ի 261-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետ): Էմմայի պաշտպանը վերաքննիչ բողոք է ներկայացրել և ակնկալում է իր պաշտպանյալին արդարացնել առաջադրված մեղադրանքում, արարքին ճիշտ որակում տալ և պատիժը պայմանականորեն չկիրառել:











































