Քաղաքականությունը կեղտոտ ոլորտ չէ, պարզապես դրա մեջ հայտնված մարդիկ են այն կեղտոտել. այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ նման տեսակետ հայտնեց «168 ժամ» թերթի խմբագիր, մեծամասնական ընտրակարգով պատգամավորության թեկնածու առաջադրված Սաթիկ Սեյրանյանը:
«Չպետք է խուսափել մուտք գործել քաղաքականություն, և բոլոր նորմալ մարդկանց կոչ եմ անում սանիտարի դեր կատարել ու մաքրել քաղաքականությունը: Եթե ուզում ենք ինչ-որ բան փոխել, պետք է քայլ անել»,- ասաց նա:
Ասուլիսի մյուս բանախոս՝ «Առավոտ» օրաթերթի լրագրող Մարգարիտ Եսայանն էլ իր հերթին նկատեց, որ նախընտրական քարոզարշավը բավական լավ է ընթանում:
«Դրա պատճառներից մեկն այն է, որ այս ընտրություններին մեծ թվով գրագետ մարդիկ են մասնակցում: Բացի այդ, մի փոքր պակասել է միմյանց վրա ցեխ շպրտելու պրակտիկան»,- ասաց նա:
Լրագրողներից մեկի հարցին՝ ի՞նչ երաշխիքներ կան, որ պատգամավորության թեկնածուներ առաջադրված լրագրողներն ընտրվելու դեպքում չեն դառնա օլիգարխ-պատգամավոր-լրագրող, պատգամավորության թեկնածու լրագրողները միաձայն հերքեցին նման հնարավորությունը:









































