Դերասան Սերգեյ Բեզրուկովը խոստովանել է, որ հենց ինքն է մարմնավորել «Վիսոցկի. Շնորհակալություն, որ ողջ ես» ֆիլմի գլխավոր հերոսին, որն էկրաններ է բարձրացել 2011թ. ապրիլի 1-ին: Այս մասին հաղորդում է RIA Novosti գործակալությունը:
Ապրիլի 16-ին, պատասխանելով Առաջին ալիքի հաղորդավարի հարցին՝ ճիշտ է արդյոք, որ նա է մարմնավորել Վիսոցկուն, Բեզրուկովը պատասախնել է. «Այո՛»:
«Շնորհակալություն, որ խոստովանել եք վերջապես: Որովհետև բոլորն արդեն դա հասկացել էին»,- ի պատասխան ասել է Ուրգանտը:
Հաղորդավարը համեմատել է այդ գաղտնիքը երեխայի խաղի հետ, որը դեմքը փակում է ձեռքերով` մտածելով, թե իրեն ոչ ոք չի տեսնում:
Հիշեցնենք, որ «Վիսոցկի. Շնորհակալություն, որ ողջ ես» ֆիլմը պատմում է 1979թ. այն 5 օրերի մասին, երբ Վիսոցկին Ուզբեկստանում հյուրախաղերի ժամանակ կլինիկական մահ էր ապրել:
Վիսոցկուն առավելագույնս նմանվելու համար դերասանի դեմքը պատել էին մի քանի շերտանոց սիլիկոնե դիմակով: Ֆիլմի լույս տեսնելուց հետո բուռն քննարկումներ էին տեղի ունենում` թե ի վերջո՝ ով է մարմնավորել գլխավոր հերոսին: Ֆիլմի հեղինակները չէին բացում գաղտնիքը:
«Վիսոցկի. Շնորհակալություն, որ ողջ ես» ֆիլմն առաջատար էր 2011թ. ռուսական ֆիլմերի վարձույթում:








































