Հայաստանի խորհրդարանի ընտրությանը մնացել է մոտ երեք շաբաթ: Ինչպես հայտնի է, այդ ընտրության վերահսկողության համար միասնական շտաբ են ձևավորել ՀՅԴ-ն, Հայ ազգային կոնգրեսը, ԲՀԿ-ն ու «Ժառանգություն»-ը: Հայտնի է նաև, որ «Ժառանգություն»-ն առաջարկում է, որ շտաբի մասին համաձայնագիրը ստորագրեն առաջին դեմքերը՝ դրա գործունեության պատասխանատվության և լրջության մակարդակն ավելի բարձրացնելու համար: Քանի որ «Ժառանգության» պայմանը չի ընդունվել, կուսակցությունը հրաժարվում է մասնակցել շտաբի աշխատանքին:
Իսկ ի՞նչ են անում շտաբի անդամ մյուս երեք ուժերը՝ ՀՅԴ-ն, Կոնգրեսն ու ԲՀԿ-ն: Ի՞նչ են անում ընտրության օրինականությունը վերահսկելու համար, ինչո՞վ է զբաղված միասնական շտաբը: Ընդհանրապես, կարծես հստակ չէ, թե շտաբը հատկապես ինչ մեթոդով, ինչ սկզբունքով է դիտարկելու ընտրությունը, ինչ է հասկանում ընտրություն անվան տակ՝ միայն քվեարկության օ՞րը, թե՞ նաև նախընտրական գործընթացը: Չէ՞ որ ներկայումս տեղի է ունենում ընտրակաշառքի աշխույժ բաժանում, որին մասնակցում է նաև շտաբի մասնակից ԲՀԿ-ն: Իհարկե, պաշտոնապես ԲՀԿ-ն դա չի ընդունում, բայց պաշտոնապես ոչինչ չի ընդունում նաև ՀՀԿ-ն: Ի՞նչ է անում շտաբն այս ուղղությամբ: Ինչո՞վ է զբաղված:
Ներկայումս բավական լուրջ նախապատրաստական գործընթաց է տեղի ունենում ընտրացուցակային աճպարարության առումով, այսինքն՝ ոչ միայն փող է բաժանվում կոալիցիոն եռյակի ուժերով, այլ նաև անձնագրային տվյալներ են հավաքագրվում եռյակի անդամ ուժերի շտաբներում, ցուցակագրումներ են իրականացվում, ընտրացուցակներում հավելագրումներ են արվում և այլն:
Այդպիսով, տեղի է ունենում աշխույժ նախապատրաստական աշխատանք, որպեսզի բուն քվեարկության օրը կոալիցիոն եռյակը ձայն հավաքելու խնդիր հնարավորինս քիչ ունենա և քիչ ստիպված լինի դիմել բռնության: Կարողանո՞ւմ է արդյոք միասնական շտաբը վերահսկել այդ գործընթացը: Կարողանո՞ւմ է արդյոք հավաքագրել ընտրակաշառքի վերաբերյալ, ընտրացուցակային և անձնագրային աճպարարությունների վերաբերյալ խոսուն, մեծաքանակ ապացույցներ, փաստեր, որոնք կարող են փոխել իրավիճակն ու բացահայտել այն ընտրական խաբեությունը, որ մատուցում է իշխանությունը: Թե՞ միասնական շտաբի մասնակից ուժերն արդեն գտել են քավության նոխազ՝ ի դեմս «Ժառանգության», և կփորձեն շտաբի անարդյունավետությունը վերագրել «Ժառանգությանն» ու ասել, թե այդ կուսակցությունը առաջին դեմքերի վերաբերյալ իր պայմանով կազմալուծեց աշխատանքը:
Բանն այն է, որ անգամ առանց «ժառանգության» էլ, եթե Հայ ազգային կոնգրեսը, ՀՅԴ-ն ու ԲՀԿ-ն անկեղծորեն և ամբողջական նվիրումով լծվեն գործի, կարող են կուտակել այնպիսի ինֆորմացիոն պաշար, որը կարող է պայթյունի էֆեկտ ունենալ քվեարկությունից առաջ կամ հետո: Բայց հենց այն հանգամանքը, որ այդ կուսակցությունները առանցքային չեն համարում առաջին դեմքերի մասնակցությամբ գոնե մեկ քննարկումը, հուշում է, որ իրականում առաջին դեմքերը զբաղված են իրենց ուրույն հաշվարկներով, որոնց մեջ միասնական շտաբը զբաղեցնում է ոչ թե սկզբունքային տեղ, այլ ընդամենը հաշվարկային գործակիցներից մեկն է, որն ի վերջո ծառայելու է ոչ թե ընտրության օրինականությանը, այլ ՀՀԿ իրականացրած սպեկուլյացիայի լեգիտիմացմանը:








































