Ընտրություններից մեկ ամիս առաջ ընտրողների առավել մեծ աջակցություն են վայելում երկու կուսակցություն` ՀՀԿ-ին պատրաստ է ձայն տալ գրանցված ընտրողների 34%-ը, իսկ ԲՀԿ-ի օգտին կքվեարկի ընտրողների 28%-ը: Այսօր Gallup Europe ընկերության տնօրենների խորհրդի անդամ Ռասա Ալիշաուսկենեն նման տվյալներ հաղորդեց` ներկայացնելով Հայաստանի սոցիոլոգիական ասոցիացիայի և The Gallup Organization-ի կողմից իրականացված հարցումների արդյունքները:
Ըստ բանախոսի` հարցման արդյունքները վկայում են այն մասին, որ ՀԱԿ-ը, ՕԵԿ-ը և ՀՅԴ-ն, որոնք վայելում են ընտրողների համեմատաբար ավելի փոքր մասի աջակցությունը, գրեթե վստահաբար կարելի է ասել, որ ԱԺ կանցնեն: Ռ. Ալիշաուսկենեի խոսքով` ինտրիգայինը «Ժառանգության» արդյունքներն են. նրանց քարոզարշավից պարզ կդառնա` նրանք կարողանո՞ւմ են համախմբել աջակիցներին և գրավել չկողմնորոշված ընտրողներին:
«Հարցման արդյունքների վերլուծությունը ցույց է տալիս, որ երկու առաջատար կուսակցությունների սոցիալ-ժողովրդագրական պատկերը բավական նման է, և այդ երկուսը հիմնականում մրցում են միմյանց հետ, մինչդեռ ավելի փոքր կուսակցությունների ընտրողների զգալի մասը կողմնորոշված է, թե ում չի ընտրելու, բայց իրենց վերջնական ընտրության ձևավորման համար դեռ ժամանակ կա, և նրանք դիտարկում են տարբերակներ»,- նշեց Gallup Europe-ի ներկայացուցիչը:
Նա հայտնեց, որ ընտրողները բավականին մեծ հետաքրքրություն են ցուցաբերում ընտրությունների նկատմամբ. 58%-ը հաստատ կատարելու է իր ընտրությունը, 30%-ը նշել է, որ հավանաբար կմասնակցի ընտրություններին, իսկ 24%-ը դեռ վերջնականապես չի կողմնորոշվել ընտրություններին մասնակցելու հարցում:
Հարցվածների 70%-ը ներկայացրել է իր դիրքորոշումը արտաքին քաղաքականության վերաբերյալ և նշել, որ կցանկանային Հայաստանի անդամակցությունը ԵՄ-ին, 80%-ը ցանկանում է, որ Հայաստանը մնա ԱՊՀ կազմում:
«Հարցման արդյունքները ցույց են տալիս, որ Հայաստանի բնակչության համար ամենակարևորը շարունակում են մնալ սոցիալ-տնտեսական խնդիրները, որոնցից առաջնայինը աշխատատեղերի ու կենսամակարդակի հարցերն են»,- նկատեց Ռ. Ալիշաուսկենեն:
Հիշեցնենք, որ «Արմնյուզ» լրատվական հեռուստաալիքի նախաձեռնությամբ և ֆինանսավորմամբ է իրականացվել հանրային կարծիքի ուսումնասիրման ընդգրկուն ծրագիրը: Ուսումնասիրման նպատակն է բացահայտել և վերլուծել Հայաստանի բնակչության քաղաքական-հասարակական տրամադրությունները և կարծիքները, հետևել 2012 թ. խորհրդարանական և 2013 թ. նախագահական ընտրությունների ընտրական նախասիրությունների դինամիկան:
Ծրագիրն իրականացնում են Հայաստանի սոցիոլոգիական ասոցիացիան և The Gallup Organization-ը` 2012թ. ապրիլից մինչև 2013թ. փետրվար: Հարցումներն անցկացվել են ապրիլի 4-10-ը: Հարցմանը մասնակցել է համապետական ընտրություններում ընտրելու իրավունք ունեցող Հայաստանի 1,018 չափահաս բնակիչ: Հարցախույզներն անցկացվել են ընտրողի տանը` դեմ առ դեմ: Արձագանքների մակարդակը կազմել է 66%, սխալման լուսանցքը չի գերազանցում +/- 3,1%-ը, վստահության մակարդակը` 95%-ը:











































