Նորվեգացի ահաբեկիչ Անդերս Բրեյվիկն այսօր դատական նիստի երկրորդ օրվա լսումների ժամանակ 30 րոպեանոց ելույթ կունենա, հաղորդում է BBC-ն:
Բրեյվիկի դատավարությունը սկսվել է երեկ: Ահաբեկիչը խոստովանել է, որ ինքն է կատարել սպանությունները, բայց իրեն մեղավոր չի ճանաչում: Այսօրվանից դատարանը կլսի Բրեյվիկի ցուցմունքները: Դատարանի որոշմամբ՝ մեղադրյալի ելույթը չի ցուցադրվի ուղիղ հեռարձակմամբ:
Եթե դատարանը մեղավոր ճանաչի Բրեյվիկին, ապա նրան սպասվում է 21 տարվա ազատազրկում: Այս պատժաչափը կարող է մեծանալ, եթե նա հասարակության համար ճանաչվի վտանգավոր:
Հիշեցնենք. 2011 թ. հուլիսի 22-ին Օսլոյի կառավարական շենքի մոտ Անդերս Բրեյվիկի իրականացրած պայթյունի հետևանքով զոհվեց 8 մարդ: Այնուհետև Ուտոյա կղզում նա գնդակահարեց երիտասարդական ճամբարի 69 մասնակիցների:











































