«Նախընտրական քարոզարշավի անցած մոտ 10 օրերին նկատելի է մի օրինաչափություն, իշխանական կուսակցությունների՝ ՀՀԿ-ի, ԲՀԿ-ի և ՕԵԿ-ի նախընտրական հանդիպումներին հավաքվում է «մարդկանց հոծ բազմություն», իսկ ընդդիմության, առաջին հերթին՝ ՀԱԿ-ի հանդիպումների մասնակիցների թիվը էականորեն նվազել է: Ոչ թե «իշխանական հանրահավաքների», այլ հենց ՀԱԿ-ի նախկին միջոցառումների համեմատ»,- գրում է «168 ժամ»-ը և հավելում.
«Ընդ որում, որքան արհեստական է իշխանական ուժերի հանդիպումների «բազմամարդությունը», նույնքան բնական է ՀԱԿ-ի հանդիպումների սակավամարդությունը: Այս հարցում ընդդիմության կողմից ներկայացվող փաստարկները, մեղմ ասած, համոզիչ չեն: Փաստարկներից մեկն այն է, որ մարդկանց վախեցնում, ահաբեկում են, թույլ չեն տալիս մասնակցել ՀԱԿ-ի հանդիպումներին՝ սպառնալով ազատել աշխատանքից, զրկել նպաստից, և այլն: Այս փաստարկը թույլ է, քանի որ 2008թ. իշխանական մեքենան շատ ավելի վատ մեթոդներով էր աշխատում, շատ ավելի առարկայորեն էր ահաբեկում, քան հիմա: Սակայն այն ժամանակ դա մարդկանց վրա չէր ազդում, Լևոն Տեր-Պետրոսյանի ցանկացած խոսք լսելու համար հրապարակում հավաքվում էր նվազագույնը մի քանի տասնյակ հազար մարդ: Սրան ՀԱԿ-ը հակադարձում է մեկ այլ փաստարկով, հասարակությունն ավելի շատ մոբիլիզացվում է նախագահական ընտրությունների ժամանակ:
Հենց այստեղ էլ ՀԱԿ-ն ու նրա առաջնորդները հակասում են իրենց, քանի որ յուրաքանչյուր հանդիպման ժամանակ հայտարարում են, թե Աժ ընտրություններն ընդամենը գործիք են իշխանափոխության ճանապարհին, ավելին՝ ՀԱԿ-ը խորհրդարանում մեծամասնություն ունենալու դեպքով առաջ բարձրացնելու է նախագահ Սարգսյանին անվստահություն հայ հարցը: Իրականում, ՀԱԿ-ի հանրահավաքների սակավամարդ վկայում է այն մասին, որ հիասթափվել է նաև ՀԱԿ-ից ու նրան չի դիտարկում՝ որպես իրական իշխանափոխության հնարավորություն կամ գործիք: Իհարկե, կարելի է նաև չխոսել այս ամենի մասին, չարձանագրել այս փոփոխությունները և խոսել միայն իշխանությունների ապօրինությունների մասին: Սակայն ամբողջ խնդիրն այն է, որ իշխանություններից ոչ մեկն ավելին չի սպասել ու չի սպասում, իշխանությունը վարվում Է այնպես, ինչպես բոլոր ընտրություններում վարվում են բոլոր իշխանությունները: Բոլոր հնարավոր միջոցներով՝ վարչական լծակներով, փողով փորձում Է վերարտադրվել: Մինչդեռ ՀԱԿ-ը ՀԱԿ Է դարձել 2008-ից հետո հասարակության մեջ ձևավորված իրական այլընտրանքի ընկալմամբ, իշխանափոխություն իրականացնելու անզիջում պայքարով: Արդեն մոտ երկու տարի ՀԱԿ-ը հետևողականորեն «մաշում» է այդ կարգավիճակը և այսօր ընտրություններին մասնակցում Է գրեթե որպես սովորական քաղաքական ուժ:
Թե ինչու և ինչպես ՀԱԿ-ը հայտնվեց այս իրավիճակում, այլ թեմա Է: Այսօր հասարակությունն իր վերաբերմունքով ընդամենն արձանագրում Է 2007թ. սեպտեմբերին սկիզբ առած համաժողովրդական պայքարի ու ՀԱԿ-ի վախճանը»:







































