Այսօր Russia Today (RT) հեռուստաալիքի եթերում մեկնարկում է WikiLeaks կայքի հիմնադիր Ջուլիան Ասանժի հեռուստահաղորդումը՝ «Աշխարհը վաղը» (The World Tomorrow):
Հաղորդումը կհեռարձակվի RT-ի միաժամանակ 3՝ անգլիալեզու, արաբալեզու և իսպանալեզու հեռուստաալիքներով: Հեռուստանախագծի նկարահանումները տեղի են ունենում Լոնդոնում:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Ասանժի հյուրերը կլինեն «հետաքրքիր և նշանավոր դեմքեր՝ բոլոր նրանք, ովքեր պետք է ձևավորեն վաղվա օրակարգը»:
Ասանժի խոսքերով՝ դրանք այն մարդիկ են, ում սովորաբար թույլ չեն տալիս հրապարակավ արտահայտվել. «Ինձ պատմածի մեծ մասը նրանք չէին կարող ասել մեյնսթրիմական հեռուստաալիքների եթերում»,- ասել է նա:
Հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սարգսյանն էլ ավելացրել է, թե հաղորդման առաջին հյուրը կլինի կլինի այնպիսի մարդ, որ չի բացառվում՝ պահանջեն փակել հաղորդումը:









































