Աշխարհահռչակ գերմանացի գրող, գրականության ոլորտում Նոբելյան մրցանակի արժանացած Գյունտեր Գրասը երեկ տեղափոխվել է Համբուրգի կլինիկաներից մեկը: Պատճառը սրտի հետ կապված հիվանդություններն են: Ինչպես հաղորդում է ITAR-TASS գործակալությունը, այդ մասին «Բիլդ» թերթին հաղորդել է բժշկական հաստատության աշխատակիցներից մեկը:
Պարբերականն այլ տվյալներ չի հաղորդում` նշելով միայն, որ 84-ամյա գրողը նախկինում ևս հետազոտվել է սրտաբանի մոտ:
Վերջին օրերին Գրասը հայտնվել է սկանդալի կենտրոնում իր «Այն, ինչ պետք է ասվի» բանաստեղծությամբ, որը մի շարք համաշխարհային առաջատար լրատվամիջոցների էր վրդովել: Գրասը բանաստեղծության մեջ Իսրայելն անվանել էր «վտանգ փխրուն աշխարհի համար» և քննադատել էր Իրանի նկատմամբ այդ երկրի վարած քաղաքականությունը:
Հրապարակումից մի քանի օր անց հրեական պետությունը նրան հայտարարեց «անցանկալի անձ»:
Գրասի գրչին են պատկանում այնպիսի հայտնի վեպեր ու պատմվածքներ, ինչպիսիք են «Տեղային անզգայացման ներքո», «Կատուն ու մուկը»:









































