Արգենտինայի կառավարությունը հայտարարել է երկրի խոշորագույն ընկերություններից մեկի` իսպանական Repsol էներգետիկ ընկերության դուստր ձեռնարկությունն ազգայնացնելու որոշման մասին:
Իսպանիան անմիջապես արձագանքել է այս որոշմանը: Այդ երկրի կառավարությունը պոպուլիստական է որակել արգենտինական կառավարության որոշումը` համարելով այն անօրինական քայլ և փորձ` վնասելու իսպանա-արգենտինական հարաբերությունները: Այս մասին հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը:
Երեկ Իսպանիայի կառավարությունն արտակարգ նիստ է հրավիրել: Իշխող Ժողովրդական կուսակցության գլխավոր քարտուղար Մարիա Դոլորես դե Կոսպեդալն ասել է, որ պատասխանը շատ կտրուկ կլինի:
Եվրամիության առևտրի հարցերով գերատեսչության մամուլի քարտուղար Ջոն Քլենսին ասել է, որ իրենք արդեն զգուշացրել են Արգենտինայի իշխանություններին նման որոշման հետևանքների մասին` հավելելով, որ արգենտինական իշխանությունների այդ որոշումը կվտանգի եվրոպական կապիտալի ներդրումներն այդ երկրում:









































