«Ժողովուրդ»-ը գրում է, որ կիրակի օրը Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում կայացած ազգային երաժշտական մրցանակաբաշխությունը սկսվել է լրագրողների աշխատանքի խոչընդոտմամբ:
Մրցանակաբաշխության կազմակերպիչներից մեկը՝ Գրիգոր Նազարյանը, որը նաև երգիչ Թաթա Սիմոնյանի պրոդյուսերն է, քաշքշել ու հարվածել է «Ֆոտոլուր»-ի տնօրեն Մելիք Բաղդասարյանին՝ հայհոյանքների տարափով: Լրագրողներն ականատես են եղել տեսարանին ու արձանագրել, որ ոստիկանները մի կողմ են հրում ոչ թե Գրիգորին, այլ ֆոտոլրագրողներին: Այդ տհաճ միջադեպից հետո Մելիք Բաղդասարյանը «ժողովուրդ»֊ին պատմել է`
«Մենք, ինչպես կարգն է, հավատարմագրվել էինք՝ նկարահանում կատարելու համար, քանի որ համարյա բոլոր թերթերն ու սայթերը մեզնից նկարներ են սպասում: Բայց եկանք ու փաստի առաջ կանգնեցինք: Պարզվեց չեն թողնում ներսում նկարել… Փորձեցինք բացատրել, նույնիսկ վիճաբանեցինք մենեջերի՝ Գրիգորի հետ: Մրցանակաբաշխությունն արդեն սկսվել է, բայց մեզ մինչև հիմա չեն թողել ներս մտնել: Իրենց մենաշնորհն է այստեղ»:











































