Նյու Յորքում երեկ հայտարարվել են Պուլիտցերյան մրցանակի դափնեկիրների անունները: Գրականության և լրագրության ասպարեզում հայտնի այս մրցանակի դափնեկիրների անունները ապրիլի 16-ին հրապարակվել են մրցանակի պաշտոնական կայքում:
«Հասարակությանը ծառայելու» համար մրցանակը ստացել է The Philadelphia Inquirer թերթը` ֆիլադելֆիական դպրոցներում բռնությունների աճի մասին հրապարակումների շարքի համար, ինչն, ըստ մրցանակի կազմակերպիչների պաշտոնական հաղորդագրության, հանգեցրել է բարեփոխումների, ինչպես նաև աշակերտների և ուսուցիչների անվտանգության աստիճանի բարձրացման:
Լրագրողական հետաքննության համար մրցանակներ են ստացել Associated Press-ի և Seattle Times-ի լրագրողները: «Լավագույն ռեպորտաժի լուսանկար» անվանակարգում հաղթել է France Presse գործակալության լրագրող Մասուդ Հոսայնին, որը լուսանկարել է քաբուլցի աղջկա հայտնի նկարը:
Հետաքրքիր է, որ France Presse-ի համար ողջ պատմության ընթացքում սա Պուլիտցերյան առաջին մրցանակն էր:
Տեղեկացնենք նաև, որ մրցանակը հիմնադրվել է 1917թ.-ին` ԱՄՆ-ում: Այս տարվա մրցանակաբաշխությունը կկայանա մայիսի 7-ին` Նյու Յորքում:








































