Ամռան նախաշեմին ֆրանսիացի բժիշկներն իրենց հայրենակիցներին կոչ են արել զսպվածություն ցուցաբերել արևային լոգանքներ ընդունելիս:
Figaro թերթի փոխանցմամբ` ինչպես աշխարհում, այնպես էլ Ֆրանսիայում շատանում է մաշկային քաղցկեղով` մելանոմիայով հիվանդների թիվը: 2011 թ. Ֆրանսիայում գրանցվել է այս հիվանդության 9,7 հազար նոր դեպք: Ընդ որում՝ հիվանդությունից մահացել է 1.6 հազար մարդ:
Սանիտարական իրավիճակին հետևող ազգային ինստիտուտի աշխատակցուհու խոսքերով` չարորակ այս ուռուցքը հիմնականում գրանցվում է կանանց մոտ, քանի որ նրանք ավելի շատ են արևային լոգանքներ ընդունում: Հիվանդների ¾-ը 49 տարին լրացած կանայք են:
Ֆրանսիացի բժիշկները պնդում են , որ մինչ արևային լոգանք ընդունելը պետք է պարզել օրգանիզմի դիմակայության աստիճանն արևային ռադիացիայի հանդեպ: Պետք է հաշվի առնել նաև քաղցկեղային հիվանդությունների հակվածության ժառանգական գործոնը:
Բժիշկ մաշկաբանները նաև կտրականապես դեմ են արհեստական արևայրուքին: Վիճակագրական տվյալների համաձայն՝ Ֆրանսիայում արհեստական ձևով պարբերաբար արևայրուք է ստանում մոտ 3 միլիոն մարդ, և տարեցտարի նրանց թիվն աճում է: Այս կոսմետիկ պրոցեդուրային դիմողների 75 %-ը կազմում են կանայք:








































