Կապանցիներն այսօր անընդհատ տեղացող անձրևի տակ ներկա էին մարզկենտրոն այցելած ՀՀ նախագահի նախընտրական հանդիպմանը: Մինչ քաղաքի կենտրոնական հրապարակ գալը նախագահն Ագարակ, Մեղրի և Քաջարան կատարած աշխատանքային այցից հետո եղել էր Կապանի բժշկական կենտրոնում և մասնակցել բրիտանահայ բարերարի միջոցներով հիմնանորոգված մանկական բաժանմունքի բացման արարողությանը:
Սերժ Սարգսյանը կապանցիներին խնդրեց քվեարկել կուսակցության և կուսակցության կողմից տարածաշրջանում մեծամասնական ընտրակարգով առաջադրված Վահե Հակոբյանի օգտին: Քարոզչական իր ելույթում ՀՀ նախագահն անդրադարձավ նաև մյուս քաղաքական գործիչների գործելաոճին:
«Նրանք ասում են, որ ընտրվելուց մեկ ամիս հետո աշխատավարձը մի քանի անգամ բարձրացնելու ենք, կաշառակերությունը վերացնելու ենք և այլն։ Այնպես են խոսում, ոնց որ թե իրենք կախարդական փայտիկ ունեն, խփելու են սեղանին, և մի օրում ամեն ինչ փոխվելու է: Սիրելի՛ կապանցիներ, մայիսի 6-ին, մտնելով քվեախցիկ, մեկ անգամ ևս մտածեք՝ ում եք վստահելու մեր երկրի ապագան, ձեր քվեից շատ բան է կախված: Մենք ունենք պատմական հնարավորություն՝ կազմակերպելու շատ լավ ընտրություններ, այնպիսի ընտրություններ, որոնցից գոհ կլինեն ինչպես մեր քաղաքացիները, այնպես էլ` մեր գործընկերները: Վստահ եմ, որ կապանցիները կարողանալու են ընտրությունը ճիշտ կատարել, մինչ ընտրելը շատ ուշադիր տեսնելու են, թե որն է այս մարդկանց ասած ճանապարհը և ուր են ուզում տանել մեր երկիրը»,- ասաց Սերժ Սարգսյանը:
Նախագահի հանդիպմանը եկած 68-ամյա Վաչե պապը որոշել է անպայման գնալ ընտրություններին և իր քվեն տալ Կոմունիստական կուսակցությանը, քանի որ լավ օրեր ինքը տեսել է միայն այն ժամանակներում… «Ուսումը ձրի էր, բժշկությունը ձրի էր, ամեն ինչ էժան էր, հիմա գաղափար ուենցող երեխաները փող չունենալու պատճառով չեն կարողանում սովորեն, ուսանող թոռնիկներ ունեմ տատիկ-պապիկի թոշակին են սպասում, որ կարողանան Երևանում յոլա գնան: Բա սա երկիր ա՞: Երկիրը չեն շենացնում, որ ջիգյարով գնաս իրանց ընտրես, ասես՝ հալալ լինի ձեզ, մենք գոհ ենք ձեզանից: Բայց կոմունիստներից հետո ժողովուրդը սկսել ա վատ ապրել։ Կապանի 70 տոկոսն էս պահին չի աշխատում, թողնում են, գնում։ Երիտասարդների գրպաններում 2 կոպեկ փող չկա»,– վրդովված ձայնով մեզ հետ զրույցում ասաց կապանցի կենսաթոշակառուն:









































