Ռուսական ВЗГЛЯД թերթի փոխանցմամբ՝ Նորվեգիայի Ուտոյա կղզում ահաբեկիչ Անդերս Բրեյվիկի կողմից սպանված վրացուհի Տամտա Լիպարտելիանիի ծնողները մարդասպանի համար պահանջել են ցմահ ազատազրկում:
Բրեյվիկի վրացի զոհի մայրը՝ Լեյլա Ասաթիանին, Վրաստանի Հանրային հեռուստատեսությանը հայտարարել է, որ իրենք պահանջում են ամենախիստ ձևով պատժել Բրեյվիկին՝ նրան տալով ցմահ ազատազրկում: Լեյլայի ամուսինն իր հերթին հայտարարել է, որ սպասում է Նորվեգիայից տոմսի գալուն, որպեսզի մայիսի 10-ին ելույթ ունենա դատական գործընթացում:
Նշվում է, որ նախորդ տարվա օգոստոսին Տամտա Լիպարտելիանին հուղարկավորվել էր իր ծննդավայր Քութայիսում: Նրա հուղարկավորման արարողությանը ներկա էր գտնվել Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին:









































