Բրիտանացի մասնագետները կարող են հետաձգել հղիությունը՝ հեռացնելով և սառեցնելով կնոջ ձվարանի մի մասը, որը տարիներ անց կարող է տեղադրվել մայրանալ ցանկացող կնոջ օրգանիզմում: Այս մասին տեղեկացնում է DailyMail-ը:
Առաջին կլինիկան, որը նման ծառայություն կմատուցի, կբացվի 6 ամսից: Ձվարանի մի մասը հեռացնելը և պահելը արժի 10 հազար, իսկ այն տեղադրելը 6 հազար ֆունտ, ընդհանուր՝ 16 հազար ֆունտ:
Ներկայում ծառայությունը հասանելի է ԱՄՆ-ում, Դանիայում և Բելգիայում: Հղիության հետաձգման մեթոդի դիմելուց հետո, կանայք բարեհաջող հղիացել են և 19 փոքրիկներ լույս աշխարհ բերել:
Նման մեթոդի դիմած կանանց մեծ մասը հիվանդ են եղել քաղցկեղով: Նրանք այդ կերպ են վարվել՝ քիմիաթերապիայի հետևանքով վերարտադրողականության օրգանները չվնասելու համար: Սակայն բժիշկները կսպասարկեն նաև 20-30 տարեկան այն կանանց, որոնք ցանկանում են հղիությունը հետաձգել տարբեր սոցիալական պատճառներով:
Ձվարանի հեռացված հատվածը կպահվի կլինիկայում՝ հեղուկ ազոտի մեջ՝ 190 աստիճան ցրտի պայմաններում: Երբ կինը մայրանալու մտադրություն հայտնի, ձվարանի հեռացված հատվածը կտեղադրվի և մի քանի ամսից կսկսի ձվաբջիջներ արտադրել:








































