ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության բարձրագույն ներկայացուցիչ Քեթրին Էշթոնի հանդիպումն Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Սայիդ Ջալիլիի հետ՝ «Վեցնյակի» իրանական միջուկային ծրագրով զբաղվող միջնորդների մասնակցությամբ, անցել է «կառուցողական, հարգալից և բանակցությունների փոխադարձաբար ընդունելի որոշում գտնելու կողմերի պատրաստակամության մթնոլորտում»: Ինչպես հայտարարել է ՌԴ ԱԳՆ–ը, ռուսական կողմից մասնակցել է ԱԳ նախարարի տեղակալ Սերգեյ Ռյաբկովը։ Այս մասին հաղորդում է rosbalt.ru-ն:
Ինչպես նշել են նախարարությունում, հանդիպման հիմնական թեման «իրանական միջուկային ծրագրի շուրջ իրավիճակի համապարփակ քաղաքական-դիվանագիտական կարգավորումն է եղել և միջազգային հանրության վստահության լիակատար վերականգնումը»:
Հանդիպման մասնակիցները պատրաստակամություն են հայտնել վերսկսված երկխոսությանը կայունություն և առաջընթաց հաղորդել՝ Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրի հիմնական դրույթների համաձայնեցված սկզբունքների հիման վրա:
Բացի այդ, համաձայնություն է ձեռք բերվել բանակցությունների հաջորդ փուլն անցկացնել 2012 թվականի մայիսի 23-ին՝ Բաղդադում:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ ԱՄՆ–ը դրական է գնահատում «Վեցնյակի» բանակցությունների հերթական փուլի արդյունքները:
Հավելենք, որ Ստամբուլում տեղի ունեցած հանդիպումը վերջին 15 ամիսների ընթացքում առաջինն էր: Թեհրանի միջուկային ծրագրի նախորդ բանակցությունները, որոնք տեղի էին ունեցել անցած տարվա հունվարին՝ Ստամբուլում, անարդյունք էին ավարտվել:











































