«Տիտանիկ» նավի անձնակազմի և ուղևորների սերունդներն այսօր հարգել են այդ հայտնի նավի զոհերի հիշատակը: Այն խորտակվել է Ատլանտյան օվկիանոսում՝ ուղիղ 100 տարի առաջ: Արարողությունը տեղի է ունեցել «Բալմորալ» նավի մատույցում, որը գտնվել է հենց այն վայրում, որտեղ օվկիանոսի հատակին նավի մնացորդներն են:
Այդ արարողությանը մասնակցել են նավի անձնակազմի և ուղևորների մի քանի տասնյակ ազգականներ: «Բալմորի» վրա արարողությունը սկսվել է հենց այն նույն ժամին, երբ «Տիտանիկը» բախվել է սառցաբեկորի հետ:
ԱՄՆ-ի կողմից այդ վայրին է մոտեցել մեկ այլ նավ, որի վրա ևս նավաբեկության զոհերի հարազատներ են եղել: Երկու նավերն էլ զոհվածների հիշատակին ազդանշան են միացրել:
«Տիտանիկի» վթարի հետևանքով 100 տարի առաջ մահացել էր 1514 մարդ, փրկվել` 710-ը:
«Բալմորալ» նավն ուղևորության է դուրս եկել ապրիլի 8-ին՝ անգլիական Սաութհեմթոն նավահանգստից։ Դա հենց այն նույն նավահանգիստն էր, որտեղից իր ուղևորությունը սկսեց «Տիտանիկը»: Նավում եղել է 1309 ուղևոր: Այս ուղևորության տոմսերը գնել են 20 երկրների քաղաքացիներ: Տոմսի արժեքը 2799-5995 ֆունտ սթեռլինգ է: Տոմսերի վաճառքը սկսվել էր 2008 թվականից:











































