Վենեսուելայի նախագահ Ուգո Չավեսը կրկին անգամ մեկնել է Կուբա` քաղցկեղի դեմ բուժումը շարունակելու: Ինչպես արդեն հաղորդել էինք, նա որոշել էր չգնալ Կոլումբիա` միջազգային գագաթնաժողովին մասնակցելու, որը նրան զրկում է միջազգային ուշադրության կենտրոնում լինելու հնարավորությունից:
Ինչպես հաղորդում է The Washington Post-ը, Չավեսի մեկնումը Կուբա շաբաթ գիշերը հեռարձակվել է հեռուստատեսությամբ: Նա ոչ մի մեկնաբանություն չի արել Կարակասի օդանավակայանում` Հավանա մեկնելուց առաջ, բայց այնուհետև Twitter սոցիալական ցանցի իր էջում գրել է, որ գնում է` շարունակելու ճակատամարտը և այն հաղթելու: «Մենք կապրենք, մենք կհաղթենք»,- գրել է նախագահը:
Ուրբաթ օրը Չավեսը աջակիցներին հայտնել էր, որ ճառագայթային թերապիան ազդում է իր ուժերի վրա, բայց ինքը դա նույնպես կհաղթահարի: