Փարիզի ոստիկանությունը անցկացրել է հատուկ գործողություն` առգրավելու մաքսանենգ ապրանքը. իրավապահները առգրավել են Էյֆելյան աշտարակի մանրակերտեր` ընդհանուր 13 տոննա քաշով:
Հանցագործները մտադրվել էին ապրանքը վաճառել զբոսաշրջիկներին՝ անշուշտ դրա համար համապատասխան թույլտվություն չունենալով: Այս մասին հայտնում է Associated Press գործակալությունը:
Աշտարակների անօրինական վաճառքի մեղադրանքով ձերբակալվել են հուշանվերի խանութի տնօրենը, նրա կինն ու որդին: Վերջիններս մտադիր էին աշտարակները վաճառել զբոսաշրջիկներին Լուվրի ու հենց Էյֆելյան աշտարակի հարևանությամբ:
Նախնական տվյալների համաձայն` «բանդայի» տարեկան շրջանառությունը կազմել է շուրջ 1 մլն եվրո: Հանցագործ խմբավորման բացահայտման վրա ծախսվել է մի քանի ամիս, բացահայտման գործողությանը մասնակցել են միանգամից մի քանի գերատեսչության աշխատակիցներ:











































