Տոկիոյում դադարեցվել են Հումբոլտ պինգվինի որոնումները, որը փախել էր տեղի ակվարիումից ավելի քան մեկ ամիս առաջ, հաղորդում է Agence France-Presse-ը: Sea Life Park ծովային կյանքի կենտրոնի ներկայացուցիչների խոսքերով՝ մասնագետները չեն գտել փախուստի դիմած պինգվինին, սակայն հույս են հայտնել, որ ապագայում, այնուամենայնիվ, կկարողանան գտնել նրան:
Մասնագետների հավաստմամբ՝ օգոստոսին պինգվինի մոտ կսկսվի փետրափոխումը` նրա «մանկական» փետուրները կթափվեն, և նա կդառնա ավելի վառ և նկատելի: Դրա շնորհիվ թռչունին հնարավոր կլինի նկատել նաև հեռվից:
Այժմ միայն ենթադրվում է, որ պինգվինը հաստատվել է Տոկիոյի ծովածոցում. «Գուցե նա իր համար ակվարիումից հեռու տեղ է գտել և այդ պարագայում նրա որոնումները գործնականում գրեթե անհնար են, քանի որ Տոկիոյի ծովածոցը շատ մեծ է»,- հայտարարել է Sea Life Park-ը:
Հումբոլտ երիտասարդ պինգվինը ակվարիումից փախուստի է դիմել մարտի 4-ին: Կարծում են, որ նա թռել է մեծավանդակի պարսպից և լքել իր բնակատեղին: Պինգվինները կարող են բարձր թռչել այն ժամանակ, երբ նրանց ինչ-որ բան վախեցրել կամ զարմացրել է:
Պինգվինի փախուստից հետո նրան տեսել են ջրամբարում, սակայն նրան բռնել հնարավոր չի եղել, քանի որ նա շատ արագ է լողում: Մասնագետները հույս ունեին, որ կբռնեն նրան, երբ նա կհոգնի և կպառկի հանգստանալու, սակայն այդ ծրագիրը չիրագործվեց:







































