ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյանը մասնակցել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում հարկային և մաքսային մասնագիտացված 3 լսարանների բացման արարողությանը: Մագիստրոսական կրթության երկու տարիների ընթացքում ուսանողները հնարավորություն կունենան հարկային վարչարարություն, մաքսային վարչարարություն և տնտեսագետ-վերլուծաբաններ ուղղություններով մասնագիտությունները ստանալ հիմնովին վերանորոգված և կահավորված հարմարավետ լսարաններում` համալրված ժամանակակից համակարգչային տեխնիկայով և ուսումնառության համար անհրաժեշտ նորագույն այլ սարքավորումներով:
Կոմիտեի նախագահը բուհի պրոֆեսորադասախոսական կազմի և ուսանողների հետ հանդիպմանն ընդգծել է, որ կրթական այս ծրագրերի շնորհիվ երկու տարի հետո կունենանք կադրային լուրջ ռեզերվ. «Կարծում եմ, որ աննախադեպ գործ ենք սկսել. նախ մագիստրատուրայի լավագույն շրջանավարտներին հնարավորություն կընձեռվի աշխատանքի անցնել կոմիտեում, մյուս կողմից էլ` լավագույն մասնագտները կհամալրեն մեր կադրային բազան»:
ՀՊՏՀ ռեկտոր Կորյուն Աթոյանը նշել է, որ համագործակցության պայմանագիրը հաջողությամբ է կյանքի կոչվում. «Արդեն այս ուսումնական տարվանից մեր բուհում կիրականացվի հարկային և մաքսային ոլորտների մասնագիտացված պիլոտային մագիստրոսական ծրագիր: Վստահ եմ, որ այս լսարանները նոր որակ, շունչ ու լիցք կհաղորդեն ուսումնական գործընթացին»:
Ուսումնառության երկու տարիների ընթացքում 100 մագիստրոսներ ոչ միայն խորացված կուսումնասիրեն հարկային և մաքսային վարչարարություն, այլև հնարավորություն կունենան գործնական պարապմունքներն անցկացնել հենց ՊԵԿ-ում: ՊԵԿ-ը մտադիր է նաև անվանական կրթաթոշակ սահմանել լավագույն ուսանողների համար, ինչպես նաև հոգալ անապահով ընտանիքների ուսանողների կրթական ծախսերը:
ՀՊՏՀ ռեկտորատի կողմից Գագիկ Խաչատրյանին շնորհվեց «ՀՊՏՀ բարեկամ» պատվավոր կոչում: Միաժամանակ ռեկտորը կոմիտեի նախագահին նվիրեց կրթությունը, գիտությունը, ինտելեկտը խորհրդանշող հուշանվեր: Համատեղ ծրագրերն իրականություն դարձնելու գործում գործուն ներգրավվածության համար հուշանվեր ստացավ նաև նախագահի առաջին տեղակալ Արմեն Ալավերդյանը:









































