Այսօր ԱԺ ճեպազրույցի ժամանակ ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը նշեց, որ ՕԵԿ քարոզարշավն անցնում է շատ բարձր մակարդակով, բոլոր գյուղաբնակ վայրերում նախատեսված են հանդիպումներ: Ներկայացվում են այն ծրագրերը, որոնց կյանքի կոչումը կփոխի մարդկանց կյանքը:
Մեկնաբանելով այն լուրերը, թե ՕԵԿ-ը բաժանում է մուրաբա և այլ ընտրակաշառքներ, Բիշարյանը հայտարարեց, թե իրենք ընտրակաշառք չեն բաժանում. մարտի 8-ի կապակցությամբ տրված նվերները չի կարելի համարել ընտրակաշառք: «Ուրիշները մեշոկներով են բաժանում»,- ասաց Բիշարյանը` խորհուրդ տալով նաև հետևել հեռուստաալիքներին:
Պատասխանելով «Առաջին լրատվական»-ի հարցին՝ ի՞նչ ակնկալիքներ ունեն, ԱԺ-ում ի՞նչ տեղ կզբաղեցնեն, Բիշարյանը պատասխանեց, որ կրկնապատկելու են իրենց տեղը ԱԺ-ում:
Անդրադառնալով այն խնդրին, որ ներկայիս գումարման վերջին քառօրյան տապալվեց, Բիշարյանը օրինակ բերեց եվրոպական երկրները, որտեղ քարոզարշավի ընթացքում խորհրդարանական նիստեր չեն գումարվում:
Նա նաև մեկնաբանեց «ի դեմս Արթուր Բաղդասարյանի՝ կանայք շատ են» արտահայտությունը` պնդելով, որ լրագրողները լավ չեն հասկացել իր միտքը: