Հայրենական արտադրողների շահերն ավելի շատ և ավելի նպատակային կպաշտպանի և որպես ծրագիր կիրականացնի Հայաստանի կոմունիստական կուսակցությունը: Նման համոզվածություն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում հայտնեց Հայրենական ապրանքարտադրողների միության նախագահ Վազգեն Սաֆարյանը, ով ՀԿԿ համամասնական ցուցակում 2-րդ տեղում է գտնվում:
Նրա խոսքով՝ խորհրդային տարիներին Հայաստանը խոշոր արդյունաբերական երկիր էր և ԽՍՀՄ 15 երկրներից այն 4-ի մեջ էր, որոնք ունեին ապրանքաշրջանառության դրական հաշվեկշիռ, արդյունաբերությունը ներկայիս գներով մոտ 15 մլրդ դոլարի արժողությամբ արտահանում ուներ:
«Կոմունիստներն են, որ ասում են՝ վերականգնե՛նք արդյունաբերությունը, վերականգնե՛նք փոքր ու միջին բիզնեսը, զա՛րկ տանք մասնավոր գործընկերությանը, Հայաստանը դարձնենք ոչ թե սպառող, այլ արտահանող երկիր, և այլն»,- ասաց Վ. Սաֆարյանը՝ միաժամանակ նշելով, որ նաև դեմ չեն լինի համագործակցել այն կուսակցությունների հետ, որոնք մտահոգ են ՀՀ արդյունաբերության զարգացմամբ:









































