News Georgia-ի փոխանցմամբ՝ Վրաստանի կառավարությունը հադես է եկել Վարչական իրավախախտումների օրենսգրքում ուղղումներ մտցնելու նախաձեռնությամբ, որով նախատեսվում է կրկնապատկել վթարային իրավիճակների ու խցանումների առաջացման համար նախատեսված տուգանքի չափը: Այս մասին հայտարարել է Վրաստանի կառավարության խորհրդարանական քարտուղար Գեորգի Խուրոշվիլին:
Վրաստանի ՆԳՆ-ի պատրաստած այդ օրինագիծն արդեն իսկ գրանցվել է խորհրդարանական բյուրոյի նիստում, սակայն դեռ հայտնի չէ, թե երբ տեղի կունենա դրա քննարկումը: Ըստ այդ օրինագծի՝ եթե ճանապարհային երթևեկության կանոնների խախտումը, այդ թվում նաև ճանապարհային նշանների ու լուսացույցերի անտեսումը, ինչպես նաև կայանելու կանոնների խախտումը պատճառ է դառնում վթարային իրավիճակի առաջացման՝ խոչընդոտելով ճանապարհային երթևեկությանն ու առաջացնելով խցանումներ, ապա տուգանքը կազմում է 200 լարի (մոտ 121 դոլար):
Գործող օրենսդրությամբ ճանապարհային նշանների ու լուսացույցերի անտեսումը պատժվում է 50 լարի (մոտ 30 դոլար) տուգանքով, իսկ կայանելու կանոնների խախտումը՝ 10 լարի (մոտ 6 դոլար) տուգանքով: Եթե այդ խախտումներն առաջացնում են վթարային իրավիճակ՝ խոչընդոտելով ճանապարհային երթևեկությանն ու առաջացնելով խցանումներ, ապա այդ դեպքում պատժաչափը կազմում է 100 լարի (մոտ 60 դոլար):
Այս ամենի հետ մեկտեղ օրինագծում առաջարկվում է կրկնապատկել կրկնակի հոծ գծի հատման համար նախատեսված տուգանքը՝ այն հասցնելով 100 լարիի: Այս խախտման կրկնման դեպքում տուգանքը կկազմի 200 լարի:










































