Տիկնիկային թատրոնի տնօրեն Ռուբեն Բաբայանը, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ամփոփելով 2010 թվականը, ասաց, որ տարին չի առանձնացել նախորդ տարիներից, սակայն, իհարկե, եղել են նոր ներկայացումներ,փառատոներ: 2010 թվականին տիկնիկային թատրոնը մասնակցել է երեք միջազգային փառատոնի, այդ թվում՝ Մոսկվայի «Ոսկե դիմակ» փառատոնին, որի շրջանակներում կա «Մասկա +» ծրագիրը, որտեղ ընդունվում են միայն արտասահմանյան լավագույն ներկայացումները. «Այդ ծրագրին բերվել էին ներկայացումներ վեց երկրներից: Մեր երկիրը ներկայացնում էր Տիկնիկային թատրոնը, որի «Ամպից պոկված» հեքիաթը հաղթող ճանաչվեց: Այս հեքիաթը մասնակցեց ևս երկու միջազգային փառատոնի, Բուլղարիայում այն արժանացավ նախագահի գլխավոր մրցանակին, իսկ Եկատերինբուրգում ստացավ ևս երկու մրցանակ»: Թատրոնի ղեկավարը, խոսելով 2011 թվականի փառատոների մասին, ասաց, որ այս տարի Տիկնիկային թատրոնը կմասնակցի «Ոսկե դիմակ» փառատոնին`ներկայացնելով Նարինե Գրիգորյանի «Թռիչք քաղաքի վրայով» ներկայացումը: Տիկնիկային թատրոնը մասնակցել է նաև «Հայֆեստ» փառատոնին՝ «Թռիչք քաղաքի վրայով» ներկայացմամբ և «Շեքսպիրյան» փառատոնին`«Սխալների կատակերգություն» ներկայացմամբ: Հունվարի 26-ին Տիկնիկային թատրոնում տեղի կունենա «Թևավորը» ներկայացման պրեմիերան Գաբրիել Գարսիա Մարկեսի պատմվածքի հիման վրա: Աշխատանքներ են տարվում «Աբու Հասանի մաշիկները» ներկայացման վրա, նաև կվերաբեմադրվի «Շունն ու կատուն» ներկայացումը, քանի որ այս տարի այդ ներկայացման 100-ամյակն է:











































