2012 թ. ապրիլի 12-ին ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Բ. Գրիգորյանը մերժեց Լեռնապատ համայնքի գյուղապետ Վանո Եղիազարյանի հայցն ընդդեմ Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցի:
Հիշեցնենք, որ Վանո Եղիազարյանն իր պատվին, արժանապատվությանը և գործարար համբավին պատճառված վնասի համար հայցադիմում էր ներկայացրել Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարան:
Վանո Եղիազարյանը գտնում էր, որ Արթուր Սաքունցի կողմից 2010 թ. դեկտեմբերի 8-ին «Վանաձորյան խճանկար» թերթին տրված հարցազրույցում նշված արտահայտությունները վնաս են հասցնում իր պատվին, արժանապատվությանը և գործարար համբավին:
Գյուղապետը դատարանից պահանջում էր զրպարտության համար պարտավորեցնել Արթուր Սաքունցին նույն թերթի միջոցով հրապարակայնորեն հերքել զրպարտություն համարվող փաստացի տվյալները և հօգուտ իրեն բռնագանձել 2.000.000 ՀՀ դրամ, ինչպես նաև փոխհատուցել դատական ծախսերը:
Արթուր Սաքունցի ներկայացուցիչ, փաստաբան Էդմոն Մարուքյանը, գոհ լինելով վճռից, նշեց, որ հայցի բավարարումը հետագայում կարող էր ծառայել որպես իրավապաշտպաններին լռեցնող գործիք:










































