Լիբիայի նախկին առաջնորդ Մուամար Քադաֆիի որդին՝ Սեյֆ Ալ-Իսլամը, հրաժարվել է փաստաբանների ծառայություններից:
Լիբիացի իրավաբան Ահմադ Ալ-Ջիհանին, որը պատասխանատու է գործի համար և կապ է պահպանում Լիբիայի իշխանությունների և Հաագայի միջազգային քրեական դատարանի միջև, հայտնել է, որ Քադաֆիի հետ վերջին հանդիպումներից մեկի ժամանակ նա իրեն իրավաբանական բնույթի մի քանի հարց է տվել և հայտնել, որ պատրաստ է դատարանում ինքնուրույն պաշտպանվել:
Ալ-Ջիհանին իր հերթին խորհուրդ է տվել նրան փաստաբան վարձել, բայց «նա պատրաստում է պաշտպանվել, ինչպես Միլոշևիչը»:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Սեյֆ Ալ-Իսլամն իր համար փաստաբան է ընտրել, որը կներկայացնի նրա շահերը լիբիական դատարանում: Եգիպտական MENA գործակալության հաղորդմամբ՝ մեղադրյալին Զինթանի բանտից պետք է տեղափոխեն Տրիպոլի:
Միջազգային քրեական դատարանում Լիբիայի ներկայացուցիչ Ահմադ Ալ-Ջիհանին նշել է, որ Լիբիայի իշխանութունները հերթական անգամ հաստատել են, որ հրաժարվում են Սեյֆ Ալ-Իսլամին հանձնել Հաագային և պատրաստվում են նրան դատել Տրիպոլիում:
Մինչ այս ՄՔԴ դատավորներից մեկը հայտարարել էր, որ Լիբիայի իշխանություններ պետք է սկսեն Սեյֆ Ալ-Իսլամին իրենց հանձնելու գոծընթացը: Հաագայում նա մեղադրվում է մարդկության դեմ հանցագործությունների մեջ: Իրենց հերթին, Լիբիայի իշխանությունները հայտարարում են, որ Սեյֆ Ալ-Իսլամին հայրենիքում արդար դատավարություն է սպասվում:










































