Այսօր Երևանի «Մարիոթ» հյուրանոցում մեկնարկեց Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության և ռազմատնտեսական համագործակցության միջպետական հանձնաժողովի հայկական և ռուսական կողմերի համատեղ նիստը: Նիստի բացմանը ելույթներով հանդես եկան նիստին մասնակցող ռուսաստանյան հյուրերը և ԱԽՔ Արթուր Բաղդասարյանը, որից հետո նիստը շարունակվեց փակ տարբերակով:
Լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում Արթուր Բաղդասարյանը դրական գնահատեց նիստը և նիստի ներկայացուցչական կազմը: Ըստ նրա՝ սա խոսում է ռուս-հայկական ռազմավարական համագործակցության բովանդակության մասին, և ներկայացուցչությունը չափազանց կարևոր է, որովհետև ներգրավված են ոչ միայն Հայաստանի պետական կառավարման մարմնի ներկայացուցիչները, որոնք ի պաշտոնե պատասխանատու են ռազմատեխնիկական համագործակցության համար, այլև ՌԴ անվտանգության դաշնային խորհրդի, պաշտպանության նախարարության ռազմական համագործակցության դաշնային ծառայության և ՀԱՊԿ ներկայացուցիչները:
Արթուր Բաղդասարյանը սա շատ լավ հնարավորություն որակեց՝ հաղթահարելու այն բյուրոկրատական քաշքշուկները, որոնք, ըստ նրա, կարող են լինել, որովհետև ռազմական և ռազմատեխնիկական համագործակցությունը բավական բարդ խնդիր է, որն առնչվում է անվտանգությանը, և շատ խնդիրներ լուծելու համար համաձայնության գալը դժվարին ընթացակարգ է նախատեսում:
Անդրադառնալով արդյունքներին՝ նա նշեց, որ մի շարք համատեղ ձեռնարկություններ իրենց ձևավորման լավ ընթացքի մեջ են:
Ա. Բաղդասարյանը տեղեկացրեց, որ այսօրվա փակ աշխատանքային նիստի ընթացքում կստորագրվի Հայաստանի և Ռուսաստանի միջև առանձին ռազմատեխնիկական համագործակցության նոր պայմանագիր, որը հնարավորություն կտա շրջանցել բոլոր այն խոչընդոտները, որոնք եղել են մինչև այժմ:










































