Ռուսական Regnum լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ուկրաինան դիտարկում է TANAP («Անդրանատոլիական» գազատար) նախագծին մասնակցելու հնարավորությունը: Այս մասին հայտարարել է Բաքվում Ուկրաինայի դեսպան Ալեքսանդր Միշչենկոն:
Վերջինիս խոսքերով՝ Ուկրաինայի և Ադրբեջանի նախագահները տվյալ հարցը քննարկել են Դավոսի տնտեսական ֆորումում: Ուկրաինան ցանկանում է իր մասնաբաժինն ունենալ TANAP նախագծում: Խողովակաշարի 80 տոկոսը պատկանելու է ադրբեջանական SOCAR-ին, իսկ մնացյալ 20 տոկոսը՝ թուրքական BOTAŞ-ին ու TPAO-ին (10-ական տոկոս):
Հիշեցնենք, որ TANAP խողովակաշարի կառուցման մասին համաձայնագիրը Թուրքիան ու Ադրբեջանը կնքել են 2011 թվականի վերջին: Սկզբնական շրջանում դրա տարեկան թողունակությունը կազմելու է 16 միլիարդ խորանարդ մետր:








































