Հնդկաստանի կառավարությունը որոշել է ծխախոտի տուփերի վրայից հանել տղամարդու պատկերը, որը նման է Ջոն Թերիին։ Նման պահանջ են ներկայացրել ֆուտբոլիստի դատապաշտպանները: Ինչպես հայտնում է The Times Of India-ն, գովազդների հնդկական ծառայությունը առողջապահության նախարարությանն է ներկայացրել 7 նկար, որոնցով պետք է փոխարինվի տղամարդու նկարը:
Խոսքը վերաբերում է տղամարդու անորոշ ուրվագծին, որում ընդգծված են հիվանդ թոքերը: Պատկերի վրա առկա է նաև «Ծխելը սպանում է» արտահայտությունը: Տղամարդու դեմքը պարզ տեսանելի չէ, սակայն բազմաթիվ անգլիացի զբոսաշրջիկներ և ֆուտբոլային երկրպագուներ նկատել են, որ տղամարդու դիմագծերը նման են Ջոն Թերիի դիմագծերին: Ինպես հայտնում է The Telegraph-ը, 2012 թ. հունվարին Թերիի դատապաշտպանները պահանջել են հնդկական կառավարությունից հանել նկարը ծխախոտի տուփի վրայից:
Agence France-Presse-ի տվյալներով՝ հնդկական գովազդային գործակալությունը չի ընդունել անգլիական կողմի պնդումները, սակայն, այնուամենայնիվ, խոստացել է, որ շուտով այլ նկար կտեղադրվի ծխախոտի տուփի վրա:









































