«Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամներն ու Վանաձորի շտաբի աշխատակիցներն արդեն 2-րդ անգամ են շրջում Վանաձորի թաղամասերում, ու այս անգամ զարմանքից քար են կտրել. «Մոտ 10 ամիս առաջ շրջել եմ, վստահ ասել են՝ ԲՀԿ-ին ենք ընտրում, հիմա չգիտեմ, թե ինչը փոխվեց՝ դեպի ՀՀԿ են շուռ եկել, իրենք թաքցնում են պատճառը, բայց շուրջբոլորը խոսում են, թե ՀՀԿ-ն գումար է խոստացել»:
Շտաբի աշխատակիցը 3 բնակելի շենքերի բնակիչների հետ զրուցել ու այդպես էլ չի կարողացել պարզել, թե ով է հատկապես գումար խոստացել և որքան: Գրասենյակի աշխատակիցների խոսքերով՝ լծակներ ունեն կանխելու, բայց ուզում են ձեռքին բռնել. «Հրապարակային ամոթանք կտանք այն մարդուն, ով խոստացել, բայց թույլ է գտնվել»,- ասացին շտաբի աշխատակիցները:
Շտաբականները քվեների թվով են վարձատրվում, նրանք դեռևս փետրվարից են աշխատել, և ափսոսում են, որ կատարած աշխատանքի համար համապատասխան գումար չեն ստանալու:
Վերջերս կուսակցության կենտրոնական շտաբից եկել ստուգել են նրանց աշխատանքը և դժգոհ են հեռացել` վանաձորցիները հրաժարվել են իրենց քաղաքական կողմնորոշման մասին հեռախոսով հայտնել:








































