2011թ. ընթացքում ՊԵԿ-ի կողմից հայտնաբերվել է մաքսանենգության և մաքսային կանոնների խախտման 282 դեպք` շուրջ 7.5 մլրդ դրամի չափով, որից մոտ 7մլրդ-ի մասով կազմված նյութերը մաքսանենգության հատկանիշներով ուղարկվել են նախաքննության մարմիններ:
Ըստ ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի և կրկնակի մաքսային հսկողության վարչության պետ Սամվել Սանամյանի, հայտնաբերվել են 19-րդ դարի կտակարաններ և այլ իրեր, մոտ 4կգ ոսկյա և արծաթյա զարդեր, կոսմետիկական պարագաներ, կանխվել է սահմանված 5մլն դրամը գերազանցող մոտ 40 հազար ԱՄՆ դոլարի անօրինական արտահանումը:
Մաքսանենգության և մաքսային կանոնների խախտման 282 դեպքերից 70-ը հայտնաբերվել են Մաքսանենգության դեմ պայքարի և կրկնակի մաքսային հսկողության վարչության, 78-ը` Հետբացթողումային հսկողության վարչության, 125-ը` ՊԵԿ այլ ստորաբաժանումների կողմից, իսկ 9–ը` ՀՀ Ոստիկանության և Ազգային անվտանգության ծառայության կողմից: «ՊԵԿ Քննչական վարչությունում քննվել են 60 քրեական գործեր, որոնցից 16-ը եղել են թմրամիջոցների ապօրինի շրջանառության վերաբերյալ: Իրականացված միջոցառումների արդյունքում կանխվել է ավելի քան 1 կիլոգրամ «մետամֆետամին» և 11 կիլոգրամ «հաշիշ» տեսակի թմրամիջոցների ներկրումը»,- նշել է Սամվել Սանամյանը:
ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից «Առաջին լրատվական»-ին հայտնեցին, որ ՊԵԿ-ը թմրանյութերի ապօրինի շրջանառության դեմ պայքարն ընդգրկել է կոմիտեի առաջնային խնդիրների շարքում:










































