«Սոցիոմետր» անկախ սոցիոլոգիական կենտրոնի տնօրեն Ահարոն Ադիբեկյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը ներկայացրեց այն վարկանիշները, որոնք, ըստ կուսակցությունների, ունեն իրենք:
Ըստ բանախոսի՝ ՀՀԿ-ն կարծում է, թե ապագա խորհրդարանում մեծամասնություն է կազմելու, նույն կարծիքին է նաև ԲՀԿ-ն, արդար ընտրությունների դեպքում ՀԱԿ-ը ևս իրեն վերագրում է 50 և ավելի տոկոս ձայն, «Ժառանգություն»-ը կարծում է, որ իշխանական կոալիցիա է կազմելու:
««Ժառանգությունը, որի ձայները ընտրություններից հետո կազմում էին 5 տոկոս, այժմ հայտարարում է, թե 50 տոկոս ձայն է հավաքելու: ՕԵԿ-ն ավելի համեստ է՝ իրեն է վերագրում ձայների 10 տոկոսը, Դաշնակցությունը՝ 28 տոկոսը: Ընդհանուր թվով 100-ի փոխարեն եղավ գրեթե 250 տոկոս»:
Ահարոն Ադիբեկյանը նշեց՝ եթե քաղաքական պրակտիկայում ղեկավարը թիվ է ասում, և դա չի իրականանում, նա լքում է դաշտը, իսկ մեզանում նման դեպք դեռևս չի գրանցվել:
«Մենք պիտի երկար լեզուները կտրենք, որովհետև ԱԺ-ն երթուղային տաքսի չէ, որ 13 ուղևորի փոխարեն 30 հոգի երթևեկեն A կետից B-ն: Տվյալ կուսակցություններն ինձ ասում են՝ եթե նման թվեր չհայտարարենք, մեզ ձայն չեն տա»:
Բանախոսը նշեց նաև, որ այս շաբաթ Երևանում կվերջացնեն սոցիոլոգիական հարցումները և կհայտարարեն արդյունքների մասին: Նախնական տվյալներով՝ ընտրություններին այս տարի մասնակցելու համար ամբողջովին կողմնորոշված է բնակչության 41 տոկոսը:
«Նշեմ նաև, որ ամենազարգացած ժողովրդավարական երկրներում ընտրություններին մասնակցության թիվը կազմում է 35 տոկոս, իսկ մեզանում այդ թիվը բավականին բարձր է: Ասեմ նաև, որ հաճախ իմ կանխատեսումներին չեն հավատում: Ես Աստված չեմ, որ ինձ հավատան, թոփ-մոդել չեմ, որ ինձ սիրեն, ես գիտնական եմ, որը փաստեր է ներկայացնում»,- ամփոփեց սոցիոլոգը:









































