Հայ ազգային կոնգրեսի համակարգող Լևոն Զուրաբյանը պատահական չի համարում, որ ՀՀԿ-ն Հանրային միասնական ընտրական շտաբում ներկայացված չէ. նրա համոզմամբ՝ ընտրակեղծիքների պատասխանատվությունը հենց նա է կրում, և շատ բնական է, որ այս միասնական ջանքը ՀՀԿ-ի կողմից մերժվեց: Այս մասին նա ասաց շտաբի կառուցվածքի վերաբերյալ այսօր կայացած քննարկման ժամանակ:
«Իշխանությունները գնալու են կեղծիքների, ՀՀԿ-ն կրում է դրանց հիմնական պատասխանատվությունը: Արդեն իսկ պարզ է, որ նա չի պատրաստվում նորմալ ընտրություններ անցկացնել, մինչդեռ մենք աննախադեպ համախմբվածությամբ աշխատում ենք դեմ գնալ ընտրակեղծիքներին:
ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանի անունից հայտարարում եմ, որ նա պատրաստ է և պատրաստ է եղել նման փաստաթղթի ստորագրմանը: Պատրաստ ենք եռանդուն կերպով ընդգրկվել շտաբի աշխատանքների մեջ, մենք մեր կողմից առանձին առաջարկներ չունենք: Ես ուղղակի կոչ եմ անում, որ բոլորը նույն ոգով ու անկեղծությամբ մասնակցեն այս գործին»,- ասաց ՀԱԿ համակարգողը:











































