«Առավոտ»-ը գրում է, որ չնայած ՀՀԿ-ական նախարար Արմեն Աշոտյանը հրահանգել էր ռեկտորներին չքաղաքականացնել բուհերը, միևնույն է` դրանց ուսխորհուրդները եղել և մնում են հիմնականում «ամենահանրապետականացվածը»:
«Դրա վառ ապացույցը երեկ Շարլ Ազնավուրի հրապարակում կազմակերպված միջոցառումն էր՝ ՀՀԿ քարոզարշավի շրջանակներում, որի գլխավոր դերակատարներն էին ՀՀԿ երիտասարդական կազմակերպությունը և Հայաստանի պետական մանկավարժական համալսարանի (ՀՊՄՀ) ուսխորհուրդը: Բուհի ուսանողները ոչ միայն ջերմեռանդորեն ելույթ էին ունենում բեմահարթակին, այլև ծածանում ՀՀԿ դրոշները:
«Բայց ո՞վ ասաց, որ մենք բուհի տարածքում քարոզչությամբ ենք զբաղվում, համ էլ մանկավարժական համալսարան գրված չի պաստառին, այլ ՀՊՄՀ ուսխորհուրդ»,- թերթի դիտարկմանը, թե մի՞թե բուհի ուսխորհուրդը կուսակցական բջիջ է, պատասխանել է ՀՊՄՀ ուսխորհրդի նախագահ Վոլոդյա Գասպարյանը: