ՀՀԿ ցուցակի 65-րդ տեղում ներկայացված, Տավուշի մարզի գործող մարզպետ Արմեն Ղուլարյանը արձակուրդ չի գնացել և շարունակում է պաշտոնավարել: Այս մասին «Առաջին լրատվական»-ին հայտնեց թղթակիցը Տավուշի մարզից: Տավուշի մարզի լրատվամիջոցները նաև նշում են, որ ապրիլի 4-ին մարզպետը վարել է հողերի օգտագործման ժամանակավոր սխեմաների կազմման հանձնաժողովի նիստը:
Հիշեցնենք, որ ՀՀ կառավարության հասարակայնության և լրատվության վարչությունից լրատվամիջոցներին տեղեկացրել էին, որ Շիրակի, Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Լոռու, Կոտայքի, Սյունիքի, Տավուշի մարզպետները, ինչպես նաև 35 այլ պաշտոնյա ապրիլի 1-ից մինչև մայիսի 6-ը՝ ընտրությունների ավարտի օրը, կգտնվեն արձակուրդի մեջ:
Նշենք նաև, որ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը մարտի 29-ին կառավարության նիստի ժամանակ ՀՀ կառավարության անդամներին հիշեցրել էր, որ կառավարության այն անդամները, ովքեր մասնակցելու են գալիք խորհրդարանական ընտրություններին, պետք է ապրիլի 1-ից գնան արձակուրդ:






































