Կենտրոնական ընտրական հանձնաժողովի երեկվա նիստը հաստատել է նախորդ շաբաթ ծեծի ենթարկված և ստիպողաբար ինքնաբացարկ հայտնած Արմավիրի թիվ 21 ընտրատարածքի մեծամասնական ընտրակարգով պատգամավորի թեկնածու Մերուժան Մխոյանի ինքնաբացարկը: Ինքնաբացարկներ են եղել ևս երեք ընտրատարածքներում:
Ընտրապայքարից դուրս է եկել թիվ 1 ընտրատարածքում լրագրող Գայանե Առուստամյանի, ՀՀԿ-ական Ռուբեն Հայրապետյանի և «Ժառանգության» պատգամավոր Ստյոպա Սաֆարյանի հետ առաջադրված անկուսակցական Արսեն Լևոնյանը: Թիվ 23 ընտրատարածքում ինքնաբացարկ հայտնած Տիգրան Պետրոսյանը ևս լքել է ընտրապայքարը: Թիվ 28 ընտրատարածքում ԲՀԿ առաջնորդը մնում է միակ առաջադրված թեկնածուն, քանի որ նրա հետ մրցակցող Արմեն Ավդալյանի գրանցումը ևս ուժը կորցրած է ճանաչվել` համաձայն վերջինիս կողմից ներկայացված ինքնաբացարկի մասին դիմումի:
ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովն ուժը կորցրած է ճանաչել նաև «Օրինաց երկիր» կուսակցության համամասնական ընտրակարգով ընտրական ցուցակում ընդգրկված պատգամավորի թեկնածուներ Աշխեն Մանուկյանի, Կարինե Մկրտչյանի և Մերի Ղոնյանի գրանցումները, ինչպես նաև` «Ժառանգություն» կուսակցության ընտրական ցուցակում ընդգրկված պատգամավորի թեկնածուներ Դավիթ Առաքելյանի և Երվանդ Զուրաբյանի գրանցումները` հաշվի առնելով վերջիններիս կողմից ներկայացված ինքնաբացարկի մասին դիմումները:
Նիստի ընթացքում ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը քննարկել է Կենտրոն վարչական շրջանի Տիգրան Մեծ փողոցի թիվ 43 շենքի բակի բնակիչների, ինչպես նաև թիվ 37 ընտրատարածքում գրանցված Աժ մեծամասնական ընտրակարգով պատգամավորի թեկնածու Մալիկ Թելունցի դիմումները:










































