Հոլիվուդյան դերասան Ջորջ Քլունին կազմակերպում է բարեգործական ընթրիք՝ դրամական միջոցներ հավաքելու համար: Նա մտադիր է ստացված գումարով աջակցել Դեմոկրատական կուսակցության առաջնորդ Բարաք Օբամայի նախընտրական քարոզարշավին:
Ինչպես տեղեկացնում է ITAR TASS-ը՝ հղում անելով Hollywood Reporter-ին՝ ընթրիքը նախատեսված է 150 հոգու համար: Պարբերականի տվյալներով՝ օսկարակիր դերասանի հետ ընթրիքը յուրաքանչյուրի համար 40 հազար դոլար կարժենա: Սկզբում նախատեսվում էր բարեգործական միջոցառումը անցկացնել առանձնատանը, որը Քլունին վերջերս էր գնել 35 մլն դոլարով: Տանը դեռ կիսատ աշխատանքներ կան, այդ իսկ պատճառով բարեգործական միջոցառման վայրը դեռևս հայտնի չէ:
Վերջին շրջանում Քլունիի անունը հայտնվում է լուրերում՝ հիմնականում կապված նրա հասարակական գործունեության հետ: Մարտի կեսերին դերասանը, ինչպես նաև ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչերի պալատի մի քանի անդամներ Վաշինգտոում Սուդանի դեսպանատան մոտ անցկացրած ցույցից հետո հայտնվել էին ձերբակալվածների թվում: Նրանք Սուդանի նախագահ Օմար ալ Բաշիրից պահանջում էին իրենց թույլ տալ հումանիտար օգնություն տրամադրել Սուդանի բնակչությանը: Իրավապահներին չհնազանդվելու համար Քլունին ստիպված եղավ 100 դոլար տուգանք վճարել:









































