Իրանական Mehr News լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանի խորհրդարանի նախագահի՝ միջազգային հարցերով խորհրդական Հուսեին Շեյխ Ալ-Սալամը հայտարարել է, որ Իրանը Սիրիայի կառավարության և նրա բանակի համար հեղինակավոր երկիր է.
«Իրանն ազդեցություն ունի մի շարք տարածաշրջանային ուժային կառույցների վրա, իսկ վերջին ժամանակներս սկսել է կապեր հաստատել սիրիական ընդդիմության հետ: Ելնելով դրանից՝ կարելի է հայտարարել, որ Իրանն օժտված է այնպիսի ազդեցությամբ, որ աջակցի սիրիական հարցի կարգավորմանը:
Արևմուտքը Սիրիայի հարցով ՄԱԿ-ի և ԱՊԼ-ի հատուկ ներկայացուցիչ է նշանակել Քոֆի Անանին: Վերջինիս կողմից առաջարկված սիրիական հարցի կարգավորման ուղին նույնպես նախաձեռնվել է Արևմուտքի կողմից: Կատարելապես ձախողվել են ԱՄՆ-ի, Իսրայելի և տարածաշրջանային երկու ղեկավարների կողմից ձեռնարկված բոլոր միջոցները, որոնք ուղղված են եղել այդ երկրի դիմադրության թուլացմանը:
Այդպիսով, Քոֆի Անանի իրանական այցը վկայում է, որ ձախողվել է սիրիական հարցը ռազմական ճանապարհով լուծելու վերաբերյալ առաջարկը: Ակնհայտ է դարձել, որ սիրիական հարցը կարող է կարգավորվել բացառապես խաղաղ ճանապարհով»:








































