«Առաջին լրատվական»-ի Real Politik հաղորդաշարի հյուրն է ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Կարինե Աճեմյանը:
– Մենք քարոզարշավի փուլ ենք մտնում, առաջիկա այդ ժամանակահատվածը բավականին թեժ է լինելու: Ձեր կուսակցության կարգախոսն է` «Հավատանք, որ փոխենք»: Վերջին տարիները, ի վերջո, մարդկանց աչքի առջև են եղել. հատկապես 2007-2008 թվականից հետո երկրում արմատապես փոխվեց իրավիճակը, և դուք մարդկանց առաջարկում եք հավատալ ձեր աշխատանքին, որ ի՞նչ փոփոխություններ կարողանան ակնկալել:
– Նախ ասեմ, որ երբեք այդ կարգախոսները հենց այնպես չեն ծնվում: Ժամանակի թելադրանքը, աշխատանքները, բոլոր այն ուղղությունները, որով դու գնում ես առաջ և հասարակությունը, որը քեզ պիտի ընդունի և այդ պահի թելադրանքները, ամենը բերում են կարգախոսի ստեղծմանը: Որևէ դեպքում մենք ինքնանպատակ կարգախոս չենք ունեցել: Իհարկե, մեր հասարակությունը փոխվել է, իհարկե, մենք բազմաթիվ աշխատանքներ ենք տարել, իշխանական կուսակցությունը և ամբողջ պատասխանատվությունը մեզ վրա է եղել: Երբեմն մեզ նույնիսկ մեղադրում են հաշվետվությունների համար, որոնք մենք ներկայացնում ենք հասարակությանը, որովհետև դա նորմալ է, երբ դու քո արած աշխատանքների մասին ինչ-որ ձևով հասարակությանը տեղեկացնում ես: Գիտեք, ես լսել եմ տարբեր մեկնաբանություններ, որոնք շատ պարզունակ են եղել: Ես ինքս կարծում եմ, որ հավատով շատ բան կարելի է փոխել: Ես կարծում եմ, որ մարդը, որը հավատում է, շատ ավելի մեծ պոտենցիալ ունի, այսինքն՝ ինքը իր աշխատանքով, էներգիայով կարող է շատ բան փոխել: Այսինքն` մենք պարզապես ցանկանում ենք, որ այն ճանապարհը, որը մենք պետք է անցնենք, փոփոխություն լինի, որովհետև բոլորին հայտնի է, որ մեր կուսակցությունը աշխատել է շատ պարզ, թափանցիկ, երբևէ այս տարիների ընթացքում ես այդքան չեմ լսել որևէ կուսակցությունից իր բացթողումների, թերությունների մասին: Մենք դրա մասին բազմաթիվ անգամ բարձրաձայնել ենք, և այո՛, մենք գիտենք, որ ամեն ինչ չէ, որ իդեալական է, այսինքն` շատ հեռու է իդեալական լինելուց մեր կյանքը:
– Եթե անգամ բարձրաձայնել եք, այսօր ոչ մի բան չի փոխվել: Հասարակ քաղաքացին այսօր շարունակում է հեռանալ Հայաստանից, այսինքն` մեր հանրային կյանքում այնպիսի դրամատիկ փոփոխություններ տեղի չեն ունեցել, որոնք մարդկանց կզսպեին այդ վերջին քայլը կատարել:
– Գիտեք, հայի մենթալիտետը միշտ շատ տարօրինակ է եղել, այսինքն` հայը համարձակ և շատ հմուտ ազգ է եղել: Ինչո՞ւ եմ խոսում համարձակության մասին, որովհետև շատ մեծ համարձակություն է, երբ մենք գնում ենք դրան, իսկ հայերը միշտ պատրաստ են դա անել: Երբեմն խոսում են այն մասին, թե դա անում են կայացած մարդիկ, գրագետ մարդիկ: Այո՛, աշխարհը այսօր շատ է փոքրացել, և դա կա բոլոր տեղերում: Հիմա կան երկրներ, որտեղ սոցիալական հողի վրա ինքնասպանություններ են տեղի ունենում: Մենք չենք կարող մոլորակից դուրս ապրել, ես չեմ ուզում արդարացնել, բայց ես ուզում եմ ասել, որ մեր բոլոր կարգախոսները, ծրագրերը, նախաձեռնությունները, որոնք մենք պատրաստվում էինք անել, բնականաբար չհաջողեցինք, որովհետև այս բոլոր գեոպոլիտիկ ազդեցությունները, որոնք մեր վրա կրում ենք, ճգնաժամը, որից չենք կարող հեռանալ, մենք ամեն ինչ արել ենք, որ ցնցումներ չլինեն: Մենք ամեն ինչ արել ենք, որ մեր հեղինակությունը՝ որպես երկիր, Եվրոպայում բարձրանա:
– Փաստորեն, մենք մեր ապաշնորհ քաղաքականության պատճառով հայտնվել ենք, այո՛, ոչ բարենպաստ աշխարհաքաղաքական իրավիճակում, որևէ քայլ չենք արել, որպեսզի մարդկանց տարհամոզենք Հայաստանից մեկնել: Կներեք, ես կարծում եմ, որ հայ մարդը իր տունը հենց այնպես չի թողնի և ավելի լավ կյանքի անցնելու համար իր հայրենիքը երբեք ու երբեք չի լքի: Հայ մարդը իր տեսակով նաև հացի համար իր տունը չի թողնի և ուրիշ տեղ տուն կառուցելու խնդիր չի դնի իր առջև: Մենք արդարության դեֆիցիտի խնդիր ունենք, և երբ հայ մարդու արժանապատվությունը նսեմացվում է, այդ ժամանակ մարդը ճամպրուկները կապում և չի ուզում, որ իր զավակը այդ անարժանապատիվ հասարակությունում մեծանա: Էլ չեմ ասում այն բոլոր ոլորտները, որոնք ի վերջո հանրագումար են դառնում, իսկ ես կարծում եմ, Դուք էլ եք կիսում այն տեսակետը, որ իշխող կուսակցության և իշխանության ամենացայտուն գնահատականը նաև դեմոգրաֆիական խայտառակ վիճակն է և այն վիճակագրությունը, որ իշխանությունն է ներկայացրել: Եթե նույնիսկ հանգենք այդ վիճակագրությանը, իսկապես պետք է խոսենք լրջագույն բացթողումների մասին, և այդ բացթողումներով Դուք հիմա հասարակությունից ևս աջակցություն եք ակնկալում:
– Այո՛, մենք ակնկալում ենք այդ աջակցությունը, որովհետև մենք գիտենք, որ եթե մենք հետևողական լինենք: Ես ինքս Ազգային ժողովում տեսնում եմ թե ինչքան օրենսդրական բարեփոխումներ են արվում տարբեր ոլորտներում: Մենք կողմնակից ենք, որ այդ բարեփոխումները նաև բովանդակային առումով իրականանան:
Ես ուզում եմ` դրանք մեր կյանքում կենսագործվեն, և մարդը ժամ առաջ իր մաշկի վրա, իր կյանքում զգա այդ փոփոխությունները, որովհետև մենք իսկապես ունենք հրաշալի օրենքներ, բայց դրանք կառավարության, գործադիրի իրականացման փուլում կատարման իմաստով լրջագույն դեֆորմացիաների են ենթարկվում, և բնականաբար այդ օրենքները չէ, որ ի վերջո կարգավորում են մեր հանրային կյանքը, այլ բոլորովին այլ կանոններով առաջնորդվող իշխանական համակարգը:
– Կյանքը փոխվել է, հասարակությունն է փոխվում, ես իզուր չէր, որ նշեցի փոխվել է աշխարհը, այսինքն` մարդիկ բոլորն են ինչ-որ ավելի լավ կյանք փնտրում:
– Հասարակությունում կան շերտեր, որոնք, երևի, 5 տարի առաջվա հետ համեմատելու չէ: Շատ ավելի լավ են հիմա ապրում, բայց դժգոհությունները մեծ են, որովհետև նշաձողն է բարձրացել, իրենց պահանջներն են բարձրացել, իհարկե, մենք էլ դրան համընթաց պետք է քայլենք: Ես տանը ունեմ երիտասարդ աղջիկ, որը շատ լուրջ և գրագետ ձևով է արձագանքում բոլոր փոփոխություններին, և ես տեսնում եմ, որ երիտասարդությունը ձգտում է դրան:
– Ինչի՞ն հավատան, Ձեր ցուցակի՞ն: Ցուցակի առաջին 20 անունների՞ն: Օրինակ` Արտաշես Գեղամյանին ինչպե՞ս ես հավատամ կամ ինչպես համոզեմ, որ հայ մարդը հավատա Հայկ Բաբուխանյանին:
– Դրա մասին շատ է խոսվել, կարծում եմ` մեր երկիրը այնքան փոքր է, մեր քաղաքական գործիչներն այնքան շատ չեն: Ես կողմնակից եմ, որ Ազգային ժողովում աշխատեն քաղաքական գործիչներ, որովհետև թյուր կարծիք կա, որ յուրաքանչյուրը կարող է լինել պատգամավոր: Դա էլ բխում է նրանից, որ նշաձողը կա, այսինքն` հեղինակությունը այդ կառույցի` որպես պետական կառույց շատ իջած է, և մենք պետք է ամեն ինչ անենք, որ բարձրացնենք:
– Որովհետև նախագահը, վարչապետը խոսում են բոլորովին նոր մշակույթի մասին, որ այս ընտրություններում նոր դեմքերով, նոր որակներով պետք է հանդես գա իշխող կուսակցությունը: Մենք դրա ականատեսը չեղանք:
– Կան այդ նոր դեմքերը, բայց ակնկալել բոլորովին նոր դեմքեր և փոխել ամեն ինչ, չեմ կարծում` նպաստավոր կլինի մեր համար:
– Բայց հասարակությունը որակական փոփոխության կարիք ունի:
– Հասարակությունը պետք է նախ հասկանա` ինչ է Ազգային ժողովը և ովքեր են այդ պատգամավորները: Կա երեք հարթություն և այդ երեք հարթությունում աշխատող պատգամավորն է պատգամավոր: Առաջինը դա քաղաքական հարթությունն է: Թյուր կարծիք կա, որ կարող ես լինել անկուսակցական և հայտնվել Ազգային ժողովում: Ես չեմ կիսում այդ կարծիքը, որովհետև դու մենակ, առանց հենարանի, առանց որոշումների կայացման` այդ գործիքի մասին երբևէ չես կարող ինքնուրույն որևէ որոշում կայացնել: Ցանկալի է, որ կուսակցությունում աշխատած, քաղաքականությունում արդեն փորձ ձեռք բերած մարդիկ լինեն Ազգային ժողովում: Երկրորդ հարթությունը դա օրենսդրական աշխատանքն է. այստեղ էլ կարծում են, որ պետք է բոլորը գնան օրենքներ գրեն, բայց ոչ կառավարությունը, աշխարհում ամեն տեղ պառլամենտ օրենքները բերում է կառավարությունը մեծամասամբ, որովհետև գործադիրն ինքը ավելի լավ գիտի և՛ այդ օրենքների հետևանքները, և՛ արդյունավետությունը, այսինքն` դու քո հմտություններով, քո անցած ճանապարհով նպաստես և աշխատես, որպեսզի այդ օրենքները լրամշակվեն և ամենալավ տեսքով ընդունվեն: Երրորդ հարթությունը, որը նույնպես շատ կարևոր է, դա հասարակության հետ աշխատանքն է: Պատգամավորը, հատկապես համամասնական ցուցակով ընտրված: Ես ինձ համարում եմ Հայաստանում, նույնիսկ Ղարաբաղում յուրաքանչյուր մարդու պատգամավորը: Չկա մարդ, որ ինձ հարցով դիմի և չստանա պատասխան, եթե չեմ կարողանում օգնել, պետք է ուղղորդեմ: Այդ երեք հարթություններում մեր պատգամավորների շատ քիչ մասն է աշխատում համապատասխանել այդ չափանիշներին, որը շատ կարևոր է: Եթե մենք ունենանք այդ պրոֆեսիոնալ պառլամենտը, իսկ պրոֆեսիոնալ պառլամենտ ունենում են այն դեպքում, երբ մոտեցումն է նաև պրոֆեսիոնալ:
– Վերջին տարիներին այդ նշաձողը իջեցնողն էլ է եղել իշխանությունը…
– Կան մարդիկ, ովքեր իրենց ուսերին կրում են այդ բեռը… Դրական երևույթների մասին չի խոսվում, մի բացասական երևույթը ավելի շատ արձագանք է գտնում… Դա նորմալ է… Մենք ծայրահեղ մոտեցումներով, շատ ակտիվ ազգ ենք, դրա համար էլ ավելի շատ կենտրոնանում ենք դրա վրա… Ես ուզում եմ ասել նաև, որ ինձ համար անընդունելի են այն ուժերի մոտեցումները, որոնք որպես թիրախ ընտրում են որևէ կուսակցության, և նույնիսկ մարդիկ, ովքեր տասը տարի ԱԺ պատգամավոր են եղել, հիմա ասում են, որ մենք չենք գալիս աշխատելու՝ մենք գալիս ենք իշխանափոխության… Ես չեմ կարծում, որ այսպիսի հասարակությունում հնարավոր է, որ ամեն ինչ միանգամից փոխվի դեպի լավը… Եվ չեմ կարծում, որ իրենք, այսպիսով, շատ ձայներ կհավաքեն, որովհետև մարդիկ գիտեն, որ իշխանափոխությունը ինքնանպատակ չպետք է լինի… Մենք նաև շատ գործել ենք, եթե դուք այս տարիների ընթացքը նայեք՝ այս ճգնաժամը, իրավիճակը հարևանների հետ. այնպես չէ, որ ամեն ինչ սև գույների մեջ է… Ես արվեստում շատ եմ եղել և շատ եմ սիրում գույներ և ուզում եմ, որ այդ գույները տեսնեն մարդիկ… Չի կարելի անընդհատ ամեն ինչ սև գույների մեջ ներկայացնել…
– Ի վերջո` իշխանությունը հայտարարեց, որ Հանրապետական կուսակցության համամասնական ցուցակում տեղ չեն գտնի մականունավոր գործարարներ, որոնց անունը անընդհատ մամուլի էջերում է, բայց նրանք, այնուամենայնիվ, տեղ գտան ցուցակում` մեծամասնական ընտրակարգով, և կարծում եմ, որ կուսակցության կողմից աջակցություն ստանալով` անպայման կհայտնվեն ԱԺ-ում… Ես ուզում եմ հասկանալ` որտե՞ղ է որոշումը, որտե՞ղ է քաղաքական կամքը, իրավիճակը փոխելու վճռականությունը, և այս համատեքստում ի՞նչ եք առաջարկում հասարակությանը` հավատա՞լ, երբ հասարակությունը գիտի, որ իր խնդիրների մեծ մասը պայմանավորված է այդ ցուցակում ընդգրկված շատ մարդկանց գործունեությամբ, երբ երկրում միջին խավը չի կայանում, քանի որ տնտեսությունը դիվերսիֆիկացված չէ և ամբողջությամբ կենտրոնացած է ինչ-որ մարդկանց ձեռքում, որոնք տեղ են գտել ձեր ցուցակում և ձեր կուսակցության աջակցությունն են վայելում… Ես ուզում եմ, որ այդ արմատական փոփոխությունների բաղադրատոմսը ինձ բացատրեք և այն քարոզչությունը, որ պետք է իրականացնենք…
– Ուրեմն, մենք անվերջ թափանցիկության մասին ենք խոսում… Կան շերտեր մեր աշխատանքի, որոնք չեն երևում… Ես ձեզ չեմ ուզում անուններ ասել… Դուք խոսում եք մականունների մասին, բայց նրանց մեջ կան այնպիսի մարդիկ, ովքեր իրենց տարածքներում այնպիսի գործեր են արել… Ես ինքս մասնակցել եմ դրանցից մեկին… 32 երեխա և 2 ընտանիք, այդ մարդիկ բնակարաններ չունեին, դուք որ տեսնեիք, թե նրանք ինչ պայմաններում էին ապրում… Այդ մարդկանցից մեկը կառուցեց սեփական տներ, և մենք նվիրեցինք նրանց…
– Իշխանությունը պետք է պայմաններ ստեղծի, որ սովորական մարդը, ով ունի մեկ երեխա, ևս տուն կառուցելու հնարավորություն ունենա… Դա չէ բարեգործությունը… Մարդկանց հաշվին, բյուջե համապատասխան մուտքեր չանելու հաշվին` գնալ տուն կառուցել և դրա հաշվին դիվիդենտներ շահել` ճիշտ չէ…
– Ես ձեզ հավատացնում եմ, որ շատ քիչ դեպքեր կան, որ մարդը ոչինչ չի անում և միայն ներկայացնում է այդ… Ես չեմ ուզում արդարացնել… Նախ` ուզում եմ ասել, որ մենք բոլորս մոռացել ենք այդ մականունների մասին, բայց ժողովուրդը շարունակում է խոսել, և դրանք անընդհատ բերվում են առաջին պլան… Մենք ունենք փոփոխություններ անելու ռեսուրսներ… Մենք մեր վրա պատասխանատվություն արդեն վերցրել ենք… Մենք ծրագրեր ենք իրականացրել… Մենք դրա մասին շատ քիչ ենք խոսում, երբեմն-երբեմն, երբ հաշվետվության կարգով տեղեկացնում ենք հանրությանը` դա ընկալվում է, որ դա դուք պետք է անեիք, պարտավոր էիք… Իսկ եթե դուք տեսնեք, թե մենք ինչքան գործեր ենք արել այս տարիների ընթացքում… Պետք է փոփոխությունները նաև մեր մենթալիտետի մեջ անենք… Մենք պետք է դառնանք օրենքի երկիր և պետք ամեն ինչ անենք, որ օրենքը գործի բոլորիս համար… Իսկ դրա համար պետք է հասարակությանը դրան պատրաստել, որպեսզի ընտրակեղծիքներ չլինեն, պետք է հարակցության մեջ լինի այդ մոտեցումը, չի կարելի մեկ ուժից միայն պահանջել… Այսօր մեզ մոտ շատ բան է փոխվել, և ես չեմ կարծում, թե դա թվացյալ դեմոկրատիա է… Այսօր յուրաքանչյուր մարդ կարող է իր տանը ընտրացուցակ ստուգել, և այդ բոլոր բացթողումները հանրության առարկա են դառնում… Առաջ դա չի եղել, դրանով իսկ շատ հարցեր են լուծվում… Այսինքն՝ ես ուզում եմ ասել, չտեսնել այն ուղղություններով աշխատանքը, որ իշխանությունը կամ կուսակցությունը արել է` չի կարելի… Մենք ուզում ենք փոխել մեր կյանքը, քանի որ ուզում ենք ավելի լավ ապրել… Այո՛, մենք ուզում ենք, որ աղքատներ չունենանք, դրա համար պետք է ամեն ինչ անենք, որ գյուղերի վրա ավելի մեծ ուշադրություն դարձնենք, մարզային կառույցներում մեր տեղական ինքնակառավարման մարմինները ավելի ուժեղացնենք, այսինքն՝ կառավարությունը այդ պատասխանատվությունը վերցնում է իր վրա և պետք է ամեն ինչ անի, որ կարողանա այդ բաշխումն իրականացնել, չկենտրոնանա միայն քաղաքի վրա… Այո՛, հարցերը շատ են, եթե մենք ամեն ինչ լուծած լինեինք, այսօր շատ զարմանալի կլիներ… Որևէ երկրում նման կառավարություն չկա…
– Ի՞նչ եք կարծում` կոալիցիոն կառավարման ձևը կշարունակվի՞ այս ընտրություններից հետո… Ի վերջո 2007թ. Հանրապետականը մեծամասնություն էր, բայց գործող նախագահը որոշեց, որ պետք է կոալիցիոն կառավարման ձևը պահպանվի… Վարդան Օսկանյանը ասում է, որ կեղծ է եղել կոալիցիան…
– Ես դա չեմ կարող ասել… Կախված է ընտրության ելքից… Կոալիցիան շատ մեծ առավելություն ունի, և կոալիցիոն ձևաչափը իրեն արդարացնում է… Բայց թե այս անգամ ինչպես կստացվի` ես չգիտեմ… Ես կարծում եմ, որ դա միայն նրա կարծիքն է, քանի որ իրենց նախարարները մինչ օրս մեզ հետ աշխատում են… Ես կարծում եմ, որ դա խոսքերով չէ, այլ գործով է… Իհարկե, նա արժանի է, որ իր խոսքը լսվի, բայց միայն խոսքը չի կարող հիմք լինել…
– ՀԱԿ-ը հայտարարել է, որ մորատորիում է հայտարարել` չքննադատել բոլոր կուսակցություններին՝ բացի ՀՀԿ-ից… Հանրապետականը ո՞ւմ է ընտրում որպես թիրախ քննադատելու…
– Մենք երբևէ թիրախ չենք ընտրում… Ես չեմ հիշում մի դեպք, երբ մեր նախընտրական քարոզարշավը կառուցենք որևէ մեկին թիրախ ընտրելով կամ քննադատելով` դա լավագույն ձևը չէ քարոզարշավի… Մենք մեր արածի մասին ենք խոսելու… Դու պետք է բարձր նշաձող ընտրես, որ գոնե կարողանաս հասնել կեսին, եթե մենք կարողանանք հասնել այդ նշաձողին, եթե մենք բոլորով հավաքվենք, ես կարծում եմ, որ մենք դա կարող ենք անել… Մենք ինքներս այդ ցավը զգում ենք, բոլոր թերությունները բացթողումները… Ես ուզում եմ, որ հավատամ այն մարդկանց, ովքեր կարող են դա անել, եթե մենք իրար հավատանք կարող ենք սարեր շուռ տալ… Պետք չէ ընտրել թիրախներ շատ ավելի ճիշտ է, երբ դու ինքդ ներկայացնում ես քո ծրագիրը… Մենք նախընտրական քարոզարշավը կառուցելու ենք գրագետ, օգտվելու ենք օրենքով նախատեսված բոլոր հնարավորություններից… Վերջին մի ամիսը կարևոր է, մենք ունենք հստակ էլեկտորատ, որը մեզ ձայն է տալու, քանի որ միշտ մեզ հետ է եղել, բայց կան նաև մարդիկ, որ չեն կողմնորոշվել. սա այն պահն է, երբ պետք է բոլորը կողմնորոշվեն, և շատ ցանկալի կլինի, որ դա անեն իրենց ռեսուրսների հաշվին, այլ ոչ թե թիրախներ ընտրելով…









































