Այսօր` ապրիլի 10-ին, Երևանի քաղաքապետարանում հերթական խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տարոն Մարգարյանը նշել է, որ Երևանում նոր երթուղային ցանցի երթուղիների սպասարկման համար մրցույթները լինելու են բաց և թափանցիկ:
«Կհաղթեն այն ընկերությունները, որոնք առավել հարմարվետ փոխադրամիջոցներ և պայմաններ կառաջարկեն մեր բնակիչներին»,-ասել է նա: Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ, մայրաքաղաքի երթուղիները սպասարկող բոլոր նոր ավտոբուսները հընթացս կհամալրվեն GPS համակարգով և WiFi կապով:
Պահանջը հստակ է նաև տնտեսավարող սուբյեկտների կողմից պարտադիր բարեկարգման նորմերը պահպանելու հարցում. բոլոր տնտեսավարող սուբյեկտները, համաձայն պայմանագրի, պարտավոր են բարեկարգել, կանաչապատել և խնամել իրենց օբյեկտների հարակից հատվածները: «Ամենօրյա աշխատանք տարեք տվյալ տնտեսվարողների հետ, որպեսզի ապահովեն իրենց հարակից տարածքների բարեկարգումն ու կանաչապատումը: Բոլոր նրանք, ովքեր չեն կատարի պայմանագրային պարտավորությունները, կենթարկվեն պատասխանատվության, ընդհուպ մինչև պայմանագրերի դադարեցում», շեշտել է Տարոն Մարգարյանը:
Մայրաքաղաքի փողոցներն ու շենքերը հենաշարժողական խնդիրներ ունեցող բնակիչների համար հարմարավետ դարձնելու համատեքստում, քաղաքապետի հանձնարարությամբ այսուհետ շինարարական բոլոր նախագծերը որպես պարտադիր նորմ պետք է ներառեն թեքահարթակներ: Սա, ի դեպ, ինչպես շեշտել է Տարոն Մարգարյանը, վերաբերում է նաև նախորդ տարիներին տրված, բայց դեռևս անավարտ շինարարություններին:
Մայրաքաղաքի արտաքին տեսքն առավել գեղեցիկ և գրավիչ դարձնելու նպատակով, քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ, կմեկնարկեն Մաշտոցի պողոտայի, Աբովյան փողոցի և, ընդհանրապես, մայրաքաղաքի ճարտարապետական նշանակության և բարձրահարկ շենքերի գեղարվեստական լուսավորման աշխատանքները: