Եգիպտոսի նախագահի մի քանի թեկնածուներ համաձայնության են եկել միասին դիմակայել նախկին նախագահ Հոսնի Մուբարաքի վարչակարգի բարձրաստիճան պաշտոնյաներին, որոնք նույնպես պատրաստվում են մասնակցել նախագահակն ընտրություններին: Այսպիսի համաձայնություն է ձեռք բերվել «Ալ-Վասատ» կուսակցության գրասենյակում տեղի ունեցած հատուկ հանդիպմանը, որին մասնակցել են Արաբական պետությունների լիգայի նախկին ղեկավար Ամր Մուսան, չափավոր իսլամիստ անկախ թեկնածու Մուհամմադ Սալիմ Ալ-Աուան, «Ալ-Ղադ» լիբերալ կուսակցության նախագահ Այման Նուրը և այլ՝ պակաս հայտնի թեկնածուներ,- գրում է Al-Ahram թերթը:
Մասնավորապես նախագահի թեկնածուները համաձայնության են եկել պաշտպանելու «Քաղաքական մեկուսացման մասին» օրենքի փոփոխությունները, որպեսզի օրենքով արգելվի Մուբարաքի մոտ համախոհներին առաջադրվել նախագահի պաշտոնում: Բացի այդ, հանդիպման մասնակիցները հանձնարարել են «Ալ-Վասատ» կուսակցությանը ստեղծել հանձնաժողով, որը պետք է համակարգի նախագահի թեկնածուների գործողությունները:
Նախագահի թեկնածուների հաջորդ հանդիպումը նախատեսվում է անցկացնել ապրիլի 26-ին, երբ արդեն ընտրական հանձնաժողովը հրապարակած կլինի նախագահի թեկնածուների վերջնական ցուցակը:
Հատկանշական է, որ հանդիպումը տեղի է ունեցել Եգիպտոսի նախկին փոխնախագահ և ընդհանուր հետախուզական ծառայության նախկին պետ Օմար Սուլեյմանի առաջադրումից հետո: Ավելի վաղ առաջադրվելու իր մտադրության մասին հայտնել էր նախկին վարչապետ և քաղաքացիական ավիացիայի նախարար Ահմեդ Շաֆիկը:
Մուաբարաքի նախկին կողմնակիցների առաջադրվելու մտադրությունն ավելի վաղ քննադատության էր ենթարկվել «Մուսուլման եղբայրների» թեկնածու Հայրաթ Ալ-Շատիրի կողմից: Նրա խոսքերով՝ Սուլեյմանի հաղթանակի դեպքում «եգիպտացի ժողովուրդը դարձյալ դուրս կգա փողոցներ, որպեսզի թույլ չտա Մուբարաքի վարչակարգի վերադարձը»: «Ես կարծում եմ, որ Սուլեյմանը կարող է հաղթել միայն այն դեպքում, եթե ընտրությունները կեղծվեն»,- ասել է Ալ-Շատիրը:
Եգիպտոսի նախագահական ընտրությունների առաջին փուլը տեղի կունենա մայիսի 23-ին և 24-ին:








































