Միանգամից մի քանի իսրայելական պաշտոնյաներ հավանություն են տվել Իրանի կողմից միջուկային ծրագրի շուրջ զիջումների չգնալու որոշմանը: Փոխզիջումների գնալու առաջարկ Իրանին արել էին արևմտյան դիվանագետները:
«Մեր կարծիքով, Իրանի պատասխանը լավն է: Այն կստիպի ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային ուժեղացնել իսլամական հանրապետության նկատմամբ պատժամիջոցները»,- հայտարարել է պաշտոնյաներից մեկը:
Մեկ ուրիշի խոսքերով` Թեհրանն ինքն իրեն է վատություն անում` հնարավորություն չտալով ԱՄՆ-ին խնդիրը խաղաղությամբ լուծելու:
Անցած հանգստյան օրերի ընթացքում Թեհրանը հրաժարվել է փակել Ֆորդոյի միջուկային գործարանը և դադարեցնել հարստացված ուրանի արտադրությունը: Իրանցիների խոսքերով` արևմտյան դիվանագետների առաջարկները արդյունավետ չեն: Նրանք նշել են, որ ընկերությունը կառուցվել է գետնի տակ Արևմուտքի և Իսրայելի կողմից շարունակվող սպառնալիքների պատճառով:
Իրանական միջուկային խնդրի բանակցությունների հաջորդ փուլը տեղի կունենա Թուրքիայում այս տարվա վերջին: Արևմուտքի երկրները պահանջում են Իրանից ներկայացնել իր տեղեկատվությունը միջուկային բնագավառում ձեռքբերումների մասին, իսկ Թեհրանը այս պահանջները հրաժարվում է իրագործել:
Ինչպես ավելի վաղ էր հաղոդվում` Իսրայելը մեկ անգամ չէ, որ հայտարարել է, թե ցանկացած միջոց ձեռք կառնի իրանական միջուկային ծրագիրը տապալելու համար: Իսրայելի կարծիքով՝ Իրանը փորձում է ստեղծել սեփական միջուկային զենք, որի միջոցով հետագայում կարող է սպառնալ տարածաշրջանի երկրներին, այդ թվում՝ նաև Իսրայելին:
Թեհրանը նման պնդումները կտրականապես մերժում է:











































