РИА Новости-ի փոխանցմամբ՝ Ռուսաստանի սպառողների շահերի վերահսկիչ մարմնի (Роспотребнадзор) ղեկավար, Ռուսաստանի գլխավոր սանիտար Գենադի Օնիշչենկոն Մոսկվայում լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ Ռուսաստանի հարավ խոզերի աֆրիկյան ժանտախտը ներկրվել է Վրաստանից.
«Խոզերի աֆրիկյան ժանտախտը մեզ մոտ է եկել Վրաստանից: Այն նախ հասել է Օսիա, ապա նաև Կրասնոդարի ու Ստավրոպոլի երկրամասեր: Կան մի շարք ցուցիչներ, որոնք վկայում են, որ այս իրավիճակը ստեղծվել է արհեստականորեն: Դա տնտեսական դիվերսիա է: Արդեն երեք տարի է, ինչ Կրասնոդարի երկրամասը չի կարողանում ձերբազատվել դրանից: Մենք պետք է անենք ամեն ինչ ժանտախտի տարածման դեմն առնելու համար»:
Նշվում է, որ խոզերի աֆրիկյան ժանտախտը Վրաստանից Ռուսաստան է ներթափանցել 2007 թվականին և պատճառ դարձել ավելի քան 440,000 գլուխ խոզերի ոնչացման: Խոզերի ժանտախտի առաջին դեպքը գրանցվել է 1903 թվականին Հարավային Աֆրիկայում: Վարակը տարածվում է հիվանդ և առողջ կենդանիների շփման միջոցով և չունի բուժում: Այն սպառնալիք չի ներկայացնում մարդու առողջությանը:









































