Ամերիկյան The New Yorker ամսագրի փոխանցմամբ՝ Իրանի Ժողովրդական մոջահեդների (ԻԺՄ) կազմակերպության զինյալները մարտական պատրաստվածություն են անցել ԱՄՆ-ի Նևադա նահանգում: Այս մասին հայտնել է ամերիկյան հետախուզության նախկին բարձրաստիճան պաշտոնյան, որի անունը չի նշվում:
Վերջինիս հաղորդմամբ՝ ԻԺՄ-ի զինյալների ուսուցումը Նևադա նահանգում սկսվել է 2005 թվականին և ավարտվել այն բանից հետո, ինչ ԱՄՆ նախագահ է դարձել Բարաք Օբաման: Ուսուցումն իրականացվել է այնպիսի տարածքում, ուր ներթափանցելու համար խիստ սահմանափակումներ են մտցված:
Այդ տարածքը կցված է էներգետիկայի նախարարությանը, սակայն նախկինում ծառայել է միջուկային փորձարկումների համար: Ամերիկացի պաշտոնաթող գեներալի խոսքերով՝ իրանցի զինյալներին այդ տարածքում սովորեցրել են ծածկագիտություն, ոչ մեծ ստորաբաժանումների գործողությունների մարտավարություն, կապի միջոցներից օգտվելու ու զենքի հետ վարվելու հմտություններ: Առանձին խմբերի ուսուցումը տևել է կես տարի:
Նշվում է, որ 1979 թվականին ԻԺՄ-ն աջակցել է Իսլամական հեղափոխությանը, սակայն շուտով հակամարտության մեջ է մտել նոր իշխանությունների հետ: Ներկայիս դրությամբ ԻԺՄ-ն որպես ահաբեկչական կազմակերպություն է հռչակված թե՛ ԱՄՆ-ում, թե՛ Իրանում: ԵՄ-ն այդ քայլին է գնացել 2009 թվականին:








































